Նոյեմբերի 20-ի առավոտյան միջազգային լրատվամիջոցներն ահազանգել են խորտակման վտանգի առաջ հայտնված նավերի մասին: Մասնավորապես՝ Թուրքիայի Զոնգուլդակ նահանգում՝ Սեւ ծովում, փոթորկից հետո խորտակվել է Kafkametler բեռնատար նավը, որում եղել է 12 մարդ։ Թուրքիայի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ թուրքական դրոշով նավը Թեմրյուքից դեպի թուրքական Ալիագա նավահանգիստ նավարկելու ընթացքում բախվել է առափնյա ժայռերին։ Իշխանությունները հայտնում են, որ առայժմ հայտնաբերվել է մեկ մարդու դիակ։
Բրիտանական սուզանավը խորտակման ռիսկի առջեւ
Ըստ բրիտանական The Sun պարբերականի՝ նոյեմբերի 20-ին բրիտանական ռազմածովային ուժերի Vanguard դասի միջուկային սուզանավը, խորության չափիչներից մեկի խափանման պատճառով, քիչ էր մնացել խորտակվեր։ Սուզանավը, որում եղել է 140 մարդ, պատրաստվում էր պարեկություն իրականացնելու Ատլանտյան օվկիանոսում, երբ դրա խորության սենսորները խափանվել են։ Անսարքության հետեւանքով Trident 2 բալիստիկ հրթիռներ կրող սուզանավը գրեթե մտել է «վտանգի գոտի»։ The Sun-ի տվյալներով՝ աղետը կանխվել է հետնամասում գտնվող ինժեներների շնորհիվ, որոնք, օգտագործելով երկրորդ խորության չափիչը, պարզել են, որ հետագա սուզումն անվերահսկելի է։
Անվտանգության նկատառումներով տեղեկությունը չի հրապարակվել, թե կոնկրետ ինչ սուզանավի մասին է խոսքը։ Նշվում է, որ բրիտանական ռազմական հրամանատարությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ «Մենք չենք մեկնաբանում գործողությունները: Մեր սուզանավերը շարունակում են տեղակայվել ամբողջ աշխարհում՝ պաշտպանելու մեր ազգային շահերը»,- ասել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչը:
Մեծ Բրիտանիան ունի Vanguard դասի չորս միջուկային սուզանավ, որոնք կառուցվել են 1990-ականներին՝ HMS Victorious, HMS Vanguard, HMS Vigilant եւ HMS Vengeance: Ըստ թերթի՝ դրանցից միայն երկուսն են պիտանի օգտագործման համար։ Մեկ այլ սուզանավ վերազինվում է, իսկ չորրորդը վերանորոգումից հետո անցնում է ծովային փորձարկումներ: Ըստ Միացյալ Թագավորության «Integrated Review of Security, Defense and Foreign Policy»-ի՝ այս սուզանավերը կսկսեն փոխարինվել Dreadnought դասի սուզանավերով 2030-ականների սկզբին: