ԲՏԱ նախարարն անցած ուրբաթ «Հետքի» պորտը տեղը դրեց՝ ի՞նչ է եղել, կարելի է պետբյուջեից 10 միլիարդ դրամ վերցնել ու լուծարվել: Իբր այդպես էլ պիտի լիներ: Ի՞նչ, պետբյուջեն դրա համար չէ՞, աշխարհի ո՞ր մի երկրում այդպես չեն անում: Իբր դա ի՞նչ մի գումար է: Իբր՝ ձե՞զ ինչ:
Մի քանի օր առաջ «Հետքը» գրել էր, որ կառավարությունը 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրել ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք լուծարված են եղել: Թվում էր, թե կառավարությունը պիտի հետաքննություն սկսի, քրեական գործերից պիտի պայթեն քննչական կառույցները: Բայց՝ ոչ: ԲՏԱ նախարարը cancel է անում հարկատուների հույսերը, որ իրենց փողերը լումա առ լումա կառավարությունը կվերադարձնի պետբյուջե:
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը բնական գործընթաց է համարում, որ ընկերությունը կարող է պետբյուջեից գումար ստանալ եւ լուծարվել: Հա էլի: Մնում է վերջին շնչում գտնվող մարդիկ էլ կառավարությունից փող պոկեն ու մեռնեն:
Ահա թե ուր հասանք կոռուպցիայի դեմ պայքարով: Հասանք այնտեղ, որ պետբյուջեն արդեն դարձել է դեղատան վաճառակետի մոտ դրված ծծովի կոնֆետների տարա՝ ով դեղ է գնում, ձեռի հետ էլ մեկ-երկու ծծովի կոնֆետ է վերցնում:
Բայց մի փոքրիկ նրբություն կա՝ ծծովի կոնֆետը կարիք չկա կիսելու դեղատան աշխատողի հետ, իսկ 10 միլիարդ դրամը կարելի է կիսել, ասենք, նախարարի կամ այն չինովնիկների միջեւ, որոնք հավանություն են տվել այդ գործարքին:
Բայց ինչո՞ւ դուք պիտի լինեք փողը բաշխողը: Հանրապետականը ձեզնից վա՞տ էր քերում բյուջեն: Իհարկե, տարբերություն կա՝ ՀՀԿ-ն ուղղակի դնում էր իր գրպանը, դուք տալիս եք «մեռելներին»: Բայց ո՞վ ասաց, որ այդ «մեռելների» թիկունքում դուք՝ այսօրվա իշխանություններդ չեք:
Պատկերացրեք՝ դրամաշնորհը հաղթելու կամ գումարը ստանալու օրը ընկերությունը լուծարվել է: Նորմալ երկրում սրա անունն ի՞նչ կդնեին: Նորմալ երկրում կընդունեին, որ ինչ-որ բան այն չէ, ու կփնտրեին լուծարված ընկերության աշխատակիցներին ու… չէին գտնի: Որովհետեւ երկրից փախած կլինեին: Բայց Հայաստանում ո՞ւր փախչես, եթե մեծ հաշվով գրպանողը կառավարությունում է նստած կամ առնվազն շահ ունի էդ գումարներից:
Բայց էս լրիվ՝ հեչ: ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանի անվրդովությունն իսկապես ինովացիոն է. պատկերացնո՞ւմ եք՝ մարդը նայում է լրագրողների աչքերի մեջ ու ասում՝ ընկերությունը կարող է պետբյուջեից գումար ստանալ եւ լուծարվել: Եթե սա վերջնական է, ես մի 200 միլիոն դոլարանոց առաջարկ ունեմ, ինձ կասե՞ք՝ ում դիմեմ, բժշկի թուղթ էլ կբերեմ, որ էսօր կամ, վաղը չկամ:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: