Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Հիշեցնենք, որ գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը 2022 թվականի հուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։
Կողմերը պայմանավորվել են հնարավոր՝ ամենասեղմ ժամկետում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, ինչպես նաեւ մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների գործընթաց: Նաեւ վերահաստատել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սակայն, միանշանակ չի ընդունվում հայ հանրության կողմից. հույզերն են գերակշռում՝ Թուրքիան թշնամի է եւ վերջ:
Որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բնականոն ընթանա, պետք է հաշվի նստել նաեւ հանրության կարծիքի հետ: Հանրային մտահոգությունները հասկանալու համար «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն հանրային կարծիքի հետազոտություն է անցկացրել: Ինստիտուտի ծրագրերի համակագող Մհեր Բաղդասարյանը հետազոտության արդյունքներն է հրապարակում. հարցման մասնակից չորս մարզերի բնակիչների 29 տոկոսը միանշանակ կողմ է սահմանների բացմանը, 60 տոկոսից ավելին դեմ է, ոչ մի կերպ Թուրքիայի հետ բաց սահման ունենալ չի ուզում:
Գալով սահմանների բացման պատճառով արտագաղթի ռիսկին՝ պարզել են, որ 80 տոկոսից ավելին չի թողնի իր բնակավայրը, շուրջ 10 տոկոսն էլ որոշել են՝ կարտագաղթեն, եւ որպես հիմնական ուղղություն Ռուսաստանի Դաշնությունն են նշել:
«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացին դեմ արտահայտվողներին հարց է տալիս՝ փոխարենն ի՞նչ են առաջարկում: «Այդ մարդիկ կա՛մ անկեղծ չեն, կա՛մ գործից գլուխ չեն հանում»,- ասում է Մեհրաբյանը:
Նա առաջարկում է նախեւառաջ ամրագրել, որ հարցը ոչ թե բարեկամ ու եղբայր դառնալն է, այլ քաղաքակիրթ հարաբերություն ունենալը: Որպես լավագույն օրինակ Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն է մատնանշում. կան հարաբերությունների քաղաքակիրթ հիմքեր, բաց սահմաններ, դեսպաններ եւ շփման այնպիսի ուղեցույց, որը նախանշել են Հունաստանն ու Թուրքիան: Ինչ վերաբերում է սահմանների բացման ռիսկերին, Մեհրաբյանը վստահեցնում է, որ ռիսկեր կան բոլոր երկրների հարաբերություններում, այլ հարց է՝ կառավարելի են դրանք, թե ոչ:
Մեհրաբյանն առանձնացնում է մի քանի կարեւոր նախապայման, որ բանակցությունները լավ ընթանան: «Նախ՝ բանակցություններից, նաեւ Հայաստանից պետք է Ռուսաստանը դուրս գա, քանի որ, իր շահերով պայմանավորված, կանի այնպես, որ հարցը միշտ մնա առկախված եւ անորոշ: Նա պետք է իմիտացիա ստեղծի, որ որոշակիություն մտցնողն ինքն է»:
Հաջորդ կարեւոր քայլը, ըստ «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահի, ԵԱՏՄ-ից հրաժարվելն է. «Հայաստանը պետք է ինքը կառավարի իր մաքսային քաղաքականությունն ու շուկան»: Որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական կողմ՝ Մեհրաբյանն առանձնացնում է այն հանգամանքը, որ հարաբերությունների կայացման գործում մեծ է ԱՄՆ-ի ազդեցությունը:
«Միացյալ Նահանգները բաց տեքստով ասում է, որ կողմ է հարաբերությունների նորմալացմանը, ինչը, բնականաբար, մեր օգտին է: Դրանով չեզոքացվում են նաեւ Ադրբեջանի կապրիզները»,- լավատեսության նոտայով եզրափակում է Մեհրաբյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը կարեւոր դիտարկում է անում՝ հայ-թուրքական սահմանը մենք չենք փակել, որ հիմա էլ չուզենանք բացել: Թուրքիան է փակել, որպես պատժի գործիք, մեր հանդեպ: Այլ հարց է, որ քննարկենք՝ դուրս գա՞նք այդ պատժամիջոցից, թե՞ ոչ: Պատգամավորի դիրքորոշումը միանշանակ է՝ այո՛:
«Ակնառու զարգացում եւ առաջընթաց չի կարող գրանցվել մի երկրում, որտեղ պետությունն իր հարեւանների հետ չունի խաղաղ կեցության պայմաններ, դիվանագիտական հարաբերություններ եւ բաց սահմաններ»: Բացի այդ, ըստ Առուշանյանի, սահմանի փակ լինելն այսօր չի խանգարում, որ Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներն ազատ ելումուտ ունենան այդ երկրներ, ապրանք արտահանեն եւ ներմուծեն երրորդ երկրի միջնորդությամբ:
Մտավախությանը, թե շուկան կհեղեղվի թուրքական ապրանքով, եւ տեղի արտադրողը չի դիմանա, պատգամավորը պատասխանում է՝ սահմանը բացելուց հետո շուկան այնքան էլ չի փոփոխվի, այն արդեն կա: «Տնտեսական հստակ օրենքներ կան. եթե ներսում արտադրվող պարենի գինը ներկրվողի գնից 10 տոկոսով է ավելին, պետությունը պետք է պաշտպանի ներքին արտադրողին, բայց եթե միչեւ 40 տոկոս թանկ է, Կառավարությունը պետք է ներկրի այդ ապրանքները, դա մեծամասնության շահերից է բխում»:
Իսկ նրանց, ովքեր, հանրային զգացմունքներն օգտագործելով, պնդում են, թե սահմանները բացելուն պես Հայաստանի տնտեսությունը կփլվի, պատգամավորը հակադարձում է. «Եթե Թուրքիան իմանար, որ սահմանը բացելուն պես Հայաստանի վիճակը վատ էր լինելու, վաղուց բացած կլիներ»:
Մեղադրե՞լ սահմանին ապրող քաղաքացուն, որ չի ուզում բաց սահման ունենալ Թուրքիայի հետ, թե՞ ոչ, կարծիքները տարբեր են: Մի պնդում, սակայն, հստակ է. ՀՀ քաղաքացին անվտանգության երաշխիք է ուզում Կառավարությունից, պահանջում է ավելացնել սահմանապահների թիվը. թուրքին չի վստահում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։