Երեւանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը նոյեմբերի 20-ին նման հայտարարություն է արել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է՝ չնայած այն հանգամանքին, որ բոլոր գործընկերներն աջակցել են մշակման վերջնական փուլում գտնվող համաձայնագրի նախագծին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվեց հակամարտություններով, դրանց թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Նա հավելել է, որ Կենտրոնական Ասիայում հնարավոր եղավ կարգավորել Դուշանբեի եւ Բիշքեկի հակամարտությունը, իսկ հիմա, ըստ Լուկաշենկոյի, վերջացել է Բաքվի եւ Երեւանի դիմակայությունը: Լուկաշենկոն հավելել է, որ պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ ՀԱՊԿ անդամ երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ղրղզստանի կյանքը։
Լուկաշենկոն հայտնել է նաեւ, որ երբ Հավաքական անվտանգության խորհրդին հանձնարարական տրվեց՝ վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնության մասին որոշումը, հայկական կողմը որեւէ հետաքրքրություն չհայտնեց այս փաստաթղթի նկատմամբ: «Ավելին՝ մեր աշխատանքի վերջին մասում խնդրեց այն ընդհանրապես հանել օրակարգից»,- հայտնել է Բելառուսի նախագահը։