Ըստ Mash տելեգրամ-ալիքի հաղորդագրության՝ Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի դատական հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Հայտնի է, որ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։
Նախկին պաշտոնյային նոյեմբերի 19-ի կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա մոտ փախստականի վկայական կար։ Պողոսյանին բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանությանը։
ԴԱՀԿ նախկին ղեկավարն առաջիկայում կարտահանձնվի Ռուսաստանի Դաշնությունից։ Ընդ որում՝ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին արտահանձնելու՝ ՀՀ իշխանությունների պահանջը։ Ռուսաստանում Միհրան Պողոսյանը զբաղվում է ապրանքների մեծածախ առեւտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով եւ լիզինգով։ Հայաստանում, ի թիվս այլ մեղադրանքների, Պողոսյանին վերագրվում է ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում 1,3 մլն դոլարի հարկերից խուսափումը։
Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, Հայաստանում առգրավվել էր 250 միլիոն եվրո արժողությամբ 1 տոննա կոկաին, որը հայտնաբերվել էր Էկվադորից միրգ ներկրող ընկերության բեռներում։ Շրջանառվում էին լուրեր, որ բռնագրավված թմրանյութը պատկանում է մրգի ներկրմամբ զբաղվող ընկերությանը, որը պատկանում է Պողոսյանին։