Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները համատեղ ճեպազրույց են անցկացրել Ադրբեջանում գործող դիվանագիտական կորպուսի եւ ռազմական կցորդների համար։
«2020 թվականի Հայրենական պատերազմի ավարտից հետո ավելի քան երեք հարյուր մարդ ականների զոհ է դարձել։ Ադրբեջանի սուվերենությունը վերահաստատած տարածքներում ստուգայցերի ընթացքում ադրբեջանական բանակը ռուս խաղաղապահների հետ մեծ քանակությամբ զենք, զինամթերք եւ ռազմական տեխնիկա է հայտնաբերել»,- մասնավորապես ասել է ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը։
«30 տարի ադրբեջանական տարածքները ոչ միայն օկուպացված են եղել, այլեւ այնտեղ զենք է մատակարարվել։ Այս տարածքներն օգտագործվել են զենքի տեղափոխման համար։ Թեեւ այս հարցով Ադրբեջանը կապ է հաստատել միջազգային գործընկերների հետ, սակայն արձագանք չենք ստացել»,- իր հերթին նշել է ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։