Մենք ավելի քան երկու ամիս՝ սեպտեմբերի 11-ից սկսած, սպասում ենք խաղաղության պայմանագրի՝ մեր ներկայացրած առաջարկությունների կապակցությամբ Հայաստանի Կառավարության արձագանքին: Սրա մասին նոյեմբերի 20-ին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ մամուլի ասուլիսին։
Ալիեւի կարծիքով՝ պատճառն այն է, որ «հայերը վատ խորհուրդներ են ստանում, մասնավորապես՝ Ֆրանսիայից»։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ֆրանսիան չափազանց կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Ըստ նրա՝ Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության կցորդը, եւ դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանին ոչ մի պատերազմ պետք չէ:
«Մենք արդեն վերականգնել ենք արդարությունն ու միջազգային իրավունքը։ Բայց Հայաստանի իշխանությունն ու քաղաքական վերնախավը մտածում են ռեւանշի մասին, իսկ ֆրանսիական կառավարության ուղերձները փաստացի պատրանք են ստեղծում Հայաստանի իշխանության, եւ, հնարավոր է, նաեւ հայ հասարակական կարծիքի շուրջ, որ նրանք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ»,- հայտարարել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է եւ հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։
«Արդյունքը նույնն է լինելու, եւ ոչ ոք նրանց չի օգնի։ Ֆրանսիան օգնե՞լ է նրանց երեք տարի առաջ։ Ո՛չ։ Երկու ամիս առաջ նրանց օգնե՞լ են։ Ո՛չ։ Ի՞նչ կարող են նրանք այստեղ անել: Ոչինչ։ Ուրեմն որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»,- հայտարարել է Ալիեւը:
Նա հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի կամքի վրա ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել։ Ըստ նրա՝ Ադրբեջանի դեմ հարձակումների համար Հայաստանը հիմա օգտագործում է իր սփյուռքը։ «Այդ ամենը, սակայն, որեւէ արդյունք չի տալու։ Մենք պատրաստ ենք խաղաղության, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, ինչպես նաեւ ողջամտության եւ պատմական արդարության վրա»,- շեշտել է Ալիեւը։
Նա նշել է, որ Հայաստանն իր ապագան պետք է կառուցի սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող եւ արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից ելնելով։