Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ պաշտոնական Բաքուն կասեցրել է Եվրամիության հետ նախագծված մի շարք համատեղ ծրագրեր։ Խոսքը, այսպես կոչված, Twinning նախագծերի մասին է։ Ադրբեջանական լրատվամիջոցը հատկանշական է համարում, որ նման «նախագծերի մեծ մասի համակատարողը Լիտվան էր՝ Ֆրանսիայից հետո ամենաեռանդուն հայամետ եւ հակաադրբեջանական դիրքորոշում ցուցաբերող պետությունը»:
«Ըստ այդմ՝ Ադրբեջանը դադարեցրել է Լիտվայի հետ իրականացվելիք երեք համատեղ նախագիծ իրավապահ, առողջապահական եւ սոցիալական ապահովության ոլորտներում: Նույն աղբյուրը նշում է, որ դադարեցվել է նաեւ միգրացիայի ոլորտում Շվեդիայի եւ Հունաստանի հետ Twinning ծրագիրը։
Միակ բացառությունը, ըստ ադրբեջանական կողմի, արվել է Լեհաստանի եւ Ֆինլանդիայի հետ նախագծերի համար՝ այս երկրների «հավասարակշռված դիրքորոշման» պատճառով։ Նման նախագծերը, ըստ Բաքվի տնտեսագետների, հավանաբար իմաստ ունեին 90-ականներին եւ 2000-ականների սկզբին: «Սակայն 2023 թվականին, երբ Ադրբեջանը ամուր կանգնած է իր ոտքերի վրա, Եվրամիության հետ «ուսուցիչ-աշակերտ» հարաբերություններն ընդունելի չեն Բաքվի համար։ Ավելին՝ նման համագործակցությունը հնարավոր չի թվում «հայկական անջատողականության» պահապան Ժոզեպ Բորելի ուղարկած նախազգուշացումների եւ հստակ ազդանշանների պայմաններում»,- նշում է ադրբեջանական մամուլը:
Ըստ նույն ադրբեջանական աղբյուրների՝ օտարերկրյա պետությունների պետական կառույցների հետ վարչարարության որակը բարելավելու փորձի փոխանակման երկկողմ շփումները բարեկամ եվրոպական երկրների հետ չեն չեղարկվել։ «Այնպես որ, պաշտոնական Բաքուն գործընկերներ կգտնի, բայց ներքին կառավարման հարցերում ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցությունն, ըստ երեւույթին, մոտենում է իր տրամաբանական ավարտին»,- եզրափակել են ադրբեջանցի վերլուծաբանները։