Նոյեմբերի 23-ին՝ երեկոյան ժամը 10-ին, Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կմեկնարկի «Հեռուստամարաթոն-2023»-ը՝ փոփոխված ձեւաչափով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուներից Դիանա Գաբրիելյանը նշել է, որ վերջին երկու տարիներին հիմնադրամը հիմնականում ներկայանում է հաշվետու ֆիլմով, սակայն այս տարի կլինի նաեւ ուղիղ եթեր, որի ընթացքում կցուցադրվեն հաշվետու ֆիլմեր, որոնք ներկայացրել են Համազգային թատրոնի դերասանները։ «Նրանք ականատես են, թե հիմնադրամն ինչ մեծ աշխատանքներ է տանում բոլոր ոլորտներում»,- հավելել է Գաբրիելյանը։
Նոյեմբերի 23-ի ուղիղ եթերում նախատեսվում են հարցազրույցներ հասարակական հատվածի ներկայացուցիչների եւ հիմնադրամի ծրագրերի շահառուների հետ։
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատուներից Ալիս Շարաֆյանը նշել է, որ հարցազրույցներ են լինելու հենց արցախցիներին աջակցություն ցուցաբերած հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ծրագրերի շահառուների հետ։ Ըստ նրա՝ գլխավոր շեշտը դրվելու է տեղահանված եւ Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու ծրագրերին։ Կշարունակվեն կյանքի կոչվել նաեւ կենսունակ համայնքների զարգացման ծրագրերը։
Հիմնադրամի ծրագրերի համակարգող Գեւորգ Գեւորգյանը հայտնել է, որ հեռուստամարաթոնի գլխավոր միջոցառմանը կամփոփվեն ամբողջ տարվա դրամահավաք միջոցառումների արդյունքները: Ըստ նրա՝ դա չի նշանակում, թե հեռուստամարաթոնի օրը դրամահավաք չի անցկացվելու։ Գեւորգյանը նշել է, որ յուրաքանչյուր տեղական մարմին իր առանձնահատկությունն ունի:
«Օրինակ՝ մեզ համար գլխավոր հանդիսացող այս միջոցառմանը նախատեսվում է համաեվրոպական դրամահավաքը, որը կանցկացվի հեռախոսամարաթոնի եղանակով, այսինքն՝ կամավորները հեռախոսներով կապվում են ընտանիքների հետ եւ խնդրում հանգանակություն»,- պարզաբանել է հիմնադրամի ծրագրերի համակարգողը։