Նոյեմբերի 20-ին Բաքվում ընդունելով Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման՝ շուրջ երեսնամյա բանակցային գործընթացի, դրա արդյունավետության բացակայության մասին։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հակամարտության լուծման ուղիներ որոներ, սակայն նրանց շարունակական հայամետ դիրքորոշումը թույլ չէր տալիս երկխոսության ճանապարհով ազատել մեր տարածքից զավթված հսկայական մասը։ Ի՞նչ էր մեզ մնում՝ հզորանալ եւ մարտի դաշտում ազատել մեր տարածքները։ Դա ինքնապաշտպանության մեր իրավունքն էր՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»,- հայտարարել է Ալիեւը։
Խոսելով հետպատերազմյան իրողությունների մասին՝ Ադրբեջանի ղեկավարը կրկնել է այն միտքը, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից ստորագրված համաձայնագիրը՝ «Ղարաբաղի տարածքում չպետք է մնար հայաստանյան զորամիավորում, սակայն իրականում 10-հազարանոց անձնակազմի հետ Հայաստանն ակտիվորեն ականապատում էր Ադրբեջանի սուվերեն տարածքները, պատճառում մարդկային զոհեր, այլ վնասներ։ Մեր համբերությունը հատեց միայն 3 տարի անց, եւ իրականացնելով հատուկ ռազմական գործողություն՝ 24 ժամից էլ քիչ ժամանակահատվածում ամբողջովին մաքրեցինք Ադրբեջանի տարածքը՝ հաստատելով այնտեղ սահմանադրական կարգ»։
Ալիեւն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության հաստատմանը՝ նշելով, որ ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանը սպասում է խաղաղության հնարավոր պայմանագրի մասով ներկայացված առաջարկների պատասխանին։ «Թեեւ, ճիշտն ասած, Հայաստանը շատ վատ խորհրդատուներ ունի»,- նշել է նա՝ նկատի ունենալով Ֆրանսիային, որը «հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության նկատմամբ իր ազդեցությունը չարաշահում է՝ Ադբեջանից փորձելով նախահարձակ թշնամու կերպար ձեւավորել»։