Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական The Sun պարբերականին տված հարցազրույցում հայտնել է ռուսական «Մայդան-3» ծրագրի մանրամասները։
Զելենսկու գնահատմամբ՝ «Մայդան-3» գործողությունը, որի օգնությամբ Մոսկվան ակնկալում է իշխանափոխության հասնել Ուկրաինայում, նախատեսվում է իրագործել տարվա վերջին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է սպանել իրեն։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ իրեն տապալելու համար։
«Սա պատերազմ է, եւ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իր հողերը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով «Եթե նման հնարավորություն ստեղծվի, Ուկրաինան կօգտվի՞ Պուտինին սպանելու հնարավորությունից, թե՞ ոչ» հարցին:
Ուկրաինայի նախագահը The Sun-ին տված հարցազրույցում նշել է նաեւ, որ Ուկրաինայի դաշնակիցների շրջանում աճում է կասկածը, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան «արտաքսել ռուսական զորքերը», սակայն այդ հանգամանքը ոչ մի կերպ չի ազդի Կիեւի դիրքորոշման վրա։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ երկար կշարունակի ռազմական գործողությունն ու հարձակողական գործողությունների փորձը։ Նրա համոզմամբ՝ դա կարող է ավարտվել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Չինաստանը «կանգնեցնեն Ռուսաստանին»։