Բաքվում ընթացող «Ապագաղութացում․ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնում» միջոցառման ընթացքում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեջ Հաջիեւն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային կարգավորման՝ Հայաստանի իշխանությունների առաջարկին։ Հաջիեւը հայտարարել է, որ Հայաստանի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ուտոպիա է։ Ըստ նրա՝ Բաքուն արդեն 3 տարի է, ինչ ապարդյուն քննարկումների մեջ է։
«Ադրբեջանի եւ եղբայրական Թուրքիայի շփումները Կարս-Իգդիր երկաթուղու կառուցման առնչությամբ շարունակվում են եւ հնարավորություն են տալու տարածաշրջանում ունենալու օղակաձեւ երկաթգիծ։ Սակայն վերջին 3 տարում Հայաստանն իր կողմից որեւէ հստակ քայլ չի կատարել»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հաջիեւը հավելել է, որ Ադրբեջանն Իրանի հետ էլ է համագործակցում՝ շարունակելով ցամաքային եւ երկաթուղային ճանապարհները: Նա շեշտել է, որ դրանք կանցնեն Իրանի տարածքով՝ այնտեղից մտնելով Նախիջեւան։ Կկառուցվեն նաեւ Արաքս գետով անցնող կամուրջներ։
«Չենք կարող սպասել, քանի դեռ Հայաստանը չի որոշել մասնակցել այսքան մասշտաբային ծրագրերի իրականացմանը՝ խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին»,- նշել է Հաջիեւը։