Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսն ԱՄՆ Սենատի նոյեմբերի 16-ին ընդունած ակտի կապակցությամբ ամերիկյան օրենսդիր մարմնի փաստաթուղթը նոյեմբերի 21-ին որակել է «հակաադրբեջանական»՝ այն համարելով «երկակի ստանդարտների եւ ընտրողական մոտեցման վառ օրինակ, երկու երկրների միջեւ առկա փոխհարաբերություններին կարգավորմանն ուղղված լուրջ հարված»։
«Այն դեպքում, երբ Հայաստանն ընդլայնել էր Ադրբեջանի դեմ իր օկուպացիան, իրականացվեց Խոջալուի ցեղասպանությունը եւ ադրբեջանական բնակչության ջարդերը՝ Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, չփորձեց կանխել այդ գործողությունները, այլ ընդհակառակն՝ ընդդեմ Ադրբեջանի ընդունեց. 907-րդ ուղղումը եւ դրանով աջակցեց Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին»,-ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խոստացել է այսուհետ՝ «հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, միշտ վճռական արձագանքել բոլոր բացասական քայլերին»։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Գերի Փիթերսի հեղինակած «Հայաստանի պաշտպանության ակտ 2023 թվական» S 3000 օրինագիծը, որով չեղարկվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը: Դա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանին ռազմական օգնությունն ամբողջ ծավալով արգելող օրինագիծ: