Լեռնային Ղարաբաղում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հաշվի կառնվեն կենսաթոշակ եւ նպաստ ստանալու համար։ Դրա մասին հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Ըստ նախարարի` ԼՂ–ում ունեցած աշխատանքային ստաժն ու զինվորական ծառայության մասին տվյալների բազան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվերցնի, կտեղայնացնի, եւ ԼՂ–ից բռնի տեղահանվածներն այդպիսով կկարողանան ստանալ կենսաթոշակներն ու նպաստները։
Մկրտչյանը հայտնել է նաեւ, որ 2023-ի հոկտեմբերի եւ նոյեմբերի կենսաթոշակների եւ նպաստների հաշվարկը շուտով կավարտեն եւ դեկտեմբերին կսկսեն վճարել։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 հազար 848 անձ է հաշվառվել եւ նույնականացվել։