Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից 2020 թվականի հոկտեմբերի 12-ին տեղահանված Զինա Գասպարյանը փոքր բիզնես է սկսել․ սպիտակեղեն է կարում, չիր ու մրգային պաստեղներ պատրաստում։ Հադրութում երկար տարիներ մանկապարտեզում որպես հաշվապահ է աշխատել, հիմա աշխատանք չունի եւ իր գործն է սկսել։
Զինա Գասպարյանի ընտանիքը Արցախից տեղահանվելուց հետո երկու տարի Երեւանում է ապրել։ Այդ ընթացքում տիկին Զինան Երեւանի մանկապարտեզներից մեկում որպես հաշվապահ է աշխատել, բայց 2023 թվականի հունվարից զրկվել է աշխատանքից, տան վարձն էլ թանկացրել են՝ դարձնելով 300 հազար դրամ, ուստի տեղափոխվել են Կոտայքի մարզ՝ Աբովյան։
Դեռ Երեւանում հարեւաններից մեկը նրան կարի մեքենա էր տվել, սպիտակեղեն էր կարում։ Քանի դեռ Արցախը շրջափակված չէր, ապրանքն այնտեղ էր ուղարկում, Ստեփանակերտից շատ պատվերներ ուներ։ Արցախի շրջափակումից հետո գնորդներ գրեթե չունի․ քչերը գիտեն նրա փոքր բիզնեսի մասին։
«Ամուսինս հիվանդ է, վիրահատվել է։ Շաքարային դիաբետ ունի, դեղեր է խմում։ Պիտի անդադար աշխատեմ, որ կարողանանք դեղերն էլ գնել։ Բայց պատվերներ չունեմ, եւ մեր ֆինանսական վիճակն է՛լ ավելի է վատացել։ Աբովյան տեղափոխվելուց հետո սկսել եմ նաեւ չրեր պատրաստել։ Ցավոք, չրերի գնորդներն էլ քիչ են»,- պատմում է տիկին Զինան։
Չորս երեխա ունեն՝ մեկ որդի, երեք դուստր։ Բոլորն էլ ամուսնացած են։ Դուստրերից մեկը Ռուսաստանում է, մյուս զավակներն Արցախում էին ապրում, հիմա նրանք էլ են Հայաստանում։
«Տեղահանվելուց հետո որդուս ու դստերս ընտանիքները միացել են մեզ․ 11-հոգանոց մեր ընտանիքում միայն որդիս է աշխատում։ Շատ դժվար է․․․ Հադրութում չիր ու պաստեղներ էի պատրաստում։ Բոլորը գիտեին, գնում էին։ Հիմա էլ պատրաստ եմ աշխատելու, բայց դեռ պատվերներ չունեմ»,- պատմում է տիկին Զինան։
Մի քանի կազմակերպության է դիմել, առաջարկել է իրեն գործվածք տրամադրել, որ սպիտակեղեն կարի, նրանք վաճառեն, բայց չեն համաձայնել այդ պայմանով համագործակցել։ Տանը կարած սպիտակեղենն էլ չի վաճառվում։ Չիր ու պաստեղ գնողներն էլ շատ քիչ են։
Տիկին Զինան հույս ունի, որ մեր հարցազրույցից հետո ավելի շատ մարդիկ կիմանան իր փոքր բիզնեսի մասին, սպիտակեղեն, չիր կամ մրգային պաստեղներ կպատվիրեն։ Իսկ եթե լինեն կազմակերպություններ, որ կցանկանան համագործակցել, տիկին Զինան է՛լ ավելի ուրախ կլինի, քանի որ մշտական պատվերների ու աշխատանքի կարիք ունի։
Պատվերների կամ համագործակցության համար տիկին Զինային կարելի է զանգահարել հետեւյալ հեռախոսայամարով՝ 093 28 29 83:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։