Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Լրագրողների հետ ճեպազրույցում սրա մասին ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել անցնել ուղիղ բանակցությունների, արդյո՞ք Երեւանը պատրաստ է ուղիղ բանակցությունների։ Նա նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցելու։ Ավելին՝ փոխանակվում են խաղաղության պայմանագրերի տարբեր նախագծեր։
«Դրա մասին մեր արտաքին գործերի նախարարությունն անընդհատ մեկնաբանություններ է տալիս նորություններ լինելու դեպքում։ Եթե առաջարկներով փաստաթուղթ է ուղարկվում Երեւան, Երեւանից առաջարկներով փոխանցվում Բաքու, դա ի՞նչ է, եթե ոչ բանակցություն»,- նշել է Արշակյանը։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է՝ Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել եւ մասնակցել է դրանց այն հարթակներում, որոնք արդյունավետ է համարել։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանը սպասում է խաղաղության հնարավոր պայմանագրի մասով ներկայացված իր առաջարկների՝ Հայաստանի պատասխանին։ Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների առաջարկին՝ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Հայաստանի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային կարգավորման նախագիծն ուտոպիա է։
Անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարության՝ նոյեմբերի 21-ին տարածած հայտարարությանը, ըստ որի՝ կազմակերպությունում շարունակվում են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները, Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չկա: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնությունից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության տարածքը։