Հոկտեմբերի, նոյեմբերի եւ դեկտեմբերի համար կուտակված կենսաթոշակները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կստանան միանվագ: Դրա մասին նոյեմբերի 21-ին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա նշել է, որ առանց նոր կենսաթոշակի նշանակման գործընթացների կենսաթոշակներն ու նպաստները հնարավոր կլինի վերականգնել։
Փոխնախարարը նշել է, որ դրա համար շահառուները պետք է ներկայացնեն դիմումներ, դրա համար մշակվում է առցանց հարթակ: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ շահառուներին դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանում հասցեի հաշվառում:
Նոյեմբերի 21-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Օրենքի ընդունումից հետո նոր ընթացակարգերի հիման վրա Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան դիմումներ ներկայացնել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ից ընդունվում են նոյեմբերի եւ դեկտեմբերի համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության դիմումները: Նա նշել է, որ չորս օրվա ընթացքում ընդունվել է 63 հազար 769 դիմում: Մանուչարյանը հիշեցրել է, որ դիմումների ընթացակարգը նույնն է, ինչպես նախորդ ծրագրերում: Նա երկու կարեւոր դիտարկում է արել:
«Դիմումներ ներկայացնելիս, ի տարբերություն նախորդ հարթակի, մուտք եք գործում 50.socservice.am հարթակ կամ կարող եք նույն ընթացակարգով մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ՝ socservice.am, որտեղից էլ առցանց դիմումներով հասնել այս պատուհանին»,- հավելել է Մանուչարյանը:
Ըստ նրա՝ աջակցության ծրագրի շրջանակում անկանխիկ ստանալու եւս մեկ հնարավորություն է տրված 75 տարեկան, ինչպես նաեւ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին:
«Բանկային քարտեր չունեցողներն աջակցության այս ծրագրի շրջանակում կարող են այն ձեռք բերել, քանի որ դիմումը լրացնելիս համակարգն առաջարկում է բանկի ընտրության հնարավորություն: Այսինքն՝ բանկի ընտրության հատվածում անհրաժեշտ է ընտրել նախընտրելի բանկը, եւ համակարգը ավտոմատ, անվճար կարող է այդ գործընթացն ապահովել»,- հավելել է նախարարի մամուլի քարտուղարը: