2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: Դրա մասին հայտնել են Կենտրոնական բանկից։
Մետաղադրամների դիմերեսին ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, իսկ դարձերեսներին՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:
Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյանը (դարձերեսներ):
Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:
Ըստ Կենտրոնական բանկի՝ շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրով եւ դարձերեսի ձեւավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները, իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որեւէ իրադարձության կամ երեւույթի։ Շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ եւ օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով: