Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք եւ պատրաստակամ էր շարունակելու պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետեւանքով օրեցօր սրվող մարդասիրական ճգնաժամին: Նոյեմբերի 22-ին դրա մասին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Սակայն Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանման։
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ հաջորդիվ, շարունակելով բացահայտորեն արհամարհել խաղաղության գործընթացին վերադառնալու հնարավորությունը եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեեւ այդ հնգակողմ եւ եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին:
Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: «Հայկական կողմը շարունակում է դրսեւորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաեւ այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: