Ադրբեջանի ֆուտբոլային առաջնության առաջին դիվիզիոնում հանդես է գալիս «Իրեվան» անվանմամբ ֆուտբոլային ակումբը։ Այն, ըստ համացանցում առկա տեղեկության, հիմնադրվել է 2019 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ծնված ադրբեջանցիների նախաձեռնությամբ՝ անվանվելով «ի պատիվ Արեւմտյան Ադրբեջանի պատմական մայրաքաղաքի»։
«Իրեվան» թիմն իր տնային խաղերն անցկացնում է Բաքվում, ունի կայուն բյուջե եւ հիմնականում համալրված է տեղական մարզիկներով։ Սակայն «Իրեվան»-ի իրական նպատակը, ինչպես պարզվում է, այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ թեզի նյութականացման աշխատանքներին մասնակցություն բերելն է։
Այսպես, ակումբի հիմնադիր Զահիդ Նիյազալիեւը դեռեւս 44-օրյա պատերազմի ընթացքում լրագրողների հետ զրույցում պատմել է «Իրեվան»-ի ստեղծման պատճառների եւ նպատակների մասին։ «Իրեվանը մեր պատմական քաղաքն է․ այն ոչ վաղ անցյալում խլել են մեզնից, բայց որպես ադրբեջանական հող՝ թանկ է մեզ համար։ Ուստի որոշեցինք ակումբն անվանել «Իրեվան»: Եվ մենք հպարտ ենք դրանով»,- նշել է Նիյազալիեւը։
Նա հիշեցրել է, որ ժամանակին «Արեւմտյան Ադրբեջանի յուրաքանչյուր շրջան՝ Իրեվանը, Զանգեզուրը, Գյոյչան, Աղբաբան, ունեին իրենց ֆուտբոլային թիմերը։ Բայց հարեւանները (նկատի ունի Խորհրդային Հայաստանի իշխանություններին – խմբ․) խոչընդոտում էին մեր ակումբների զարգացումը, պրոֆեսիոնալ լիգայի ձեւավորումը։ Ներկայում «Իրեվան»-ը ներկայացնում է ամբողջ Արեւմտյան Ադրբեջանը, այն ադրբեջանական ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ համայնքն ունեցող ակումբն է»,- նշել է ադրբեջանցին։