Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կվերադառնա քաղաքականություն, եթե իր աղջկա՝ երկրի փոխնախագահ Սառա Դուտերտեի հանդեպ իմփիչմենթ հայտարարվի։
Այդ հայտարարությունները նա արել է դստեր՝ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելուց հետո, երբ նրան մեղադրել են անցյալում պետական միջոցների գաղտնի օգտագործման համար: Պատգամավորներից մեկը հայտնել էր, որ Ներկայացուցիչների պալատում ոչ պաշտոնական բանակցություններ են վարվել նրան հեռացնելու նպատակով։
«Եթե դուք անեք դա, ես ստիպված կլինեմ վերադառնալ»,- ասել է 78-ամյա Դուտերտեն։ «Կա՛մ կառաջադրվեմ սենատորի, կա՛մ փոխնախագահի պաշտոնում, անգամ եթե ծեր եմ»,- շեշտել է Ֆիլիպինների նախկին նախագահը։
Դուտերտեն, որն իր կառավարման վեցամյա ժամկետն ավարտել է 2022-ի հունիսին բարձր վարկանիշով, քաղաքական ընդդիմախոսներին, որոնց անունները չի նշել, զգուշացրել է, որ միջանկյալ ընտրությունները «սարերի հետեւում չեն»։ 2022-ին ընտրություններից մոտ մեկ տարի առաջ էլ նախկին նախագահը խոսել էր փոխնախագահի կամ սենատորի պաշտոնին հավակնելու գաղափարի մասին։