Սաթենիկ Մկրտչյանի հեռախոսում Արցախի լուսանկարներն են։ Երբ ադրբեջանական շրջափակման ընթացքում ոտքով կիլոմետրեր են անցել՝ Ստեփանակերտի հարեւան գյուղեր հասնելու եւ ուտելիք ձեռք բերելու, կադրեր է հավաքել։ Հիմա նայում է այդ լուսանկարներն ու հուզմունքը զսպում. ինչ իմանար, որ այդ ճանապարհներով վերջին անգամ է անցնում։
Սաթենիկի կյանքի ճանապարհը մի քանի անգամ է իրեն հայրենի Ստեփանակերտ վերադարձրել։ Երբ ամուսնացել է, ընտանիքով տեղափոխվել են Վրաստան, Մցխեթայում են ապրել։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում վերադարձել են՝ պաշտպանելու հայրենիքը։ Ամուսինը՝ Արմեն Մկրտչյանը, զոհվել է Թալիշ-Մատաղիս հատվածում։
«Այդ ժամանակ մտքովս անգամ չի անցել դուրս գալ Արցախից։ Անհնար էր թողնել այն հողը, որտեղ քո հարազատի արյունն է թափվել հանուն այդ հայրենիքի»,- ասում է Սաթենիկը։
Անչափահաս որդու հետ ստիպված է եղել ժամանակավորապես Հայաստան տեղափոխվել 2020-ի քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում։ Տարեվերջին վերադարձել են Արցախ՝ հույսով, որ էլ դուրս չեն գա։ «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո սարսափելի էր մասնատված Արցախը տեսնելը, բայց դեռ հույս ունեինք։ Ընթացքում բազմաթիվ հիասթափություններ էին լինում, երբ կարեւոր բարձունքներ էին հանձնվում, բայց դիմանում էինք»,- ասում է պատերազմում զոհվածի այրին։
Սաթենիկը մի քանի մասնագիտություն ունի։ Որպես դաշնամուրի ուսուցչուհի եւ կոնցերտմայստեր (դաշնակահար-նվագակցող) աշխատել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում, նաեւ ռուսերեն է դասավանդել տանը։
Ասում է՝ աշակերտների հետ ամենօրյա աշխատանքն իր առօրյան է դարձել, որից բաժանվելն ամենամեծ հարվածներից է եղել։ «Շրջափակման ընթացքում դասավանդելն ավելի էր դժվարացել բազմաթիվ պատճառներով։ Թերսնված երեխաներ, ձմեռային ցուրտ օրեր։ Բայց ե՛ւ հպարտացնող, ե՛ւ վախեցնող բան կա. աշակերտներն այդ ցուրտն ու սովը հերոսաբար, առանց տրտնջալու են հաղթահարել։ Որ ասում ենք՝ օրեր են եղել, երբ բացարձակ ոչինչ չի եղել ուտելու, ավելի քան իրական է»,- ասում է։
Չորս պատերազմ, երկու բլոկադա եւ հարազատների կորուստներ հաղթահարած Սաթենիկը վերջին պատերազմի օրը՝ սեպտեմբերի 19-ին, տանն է եղել, որդին՝ դպրոցում։ Ժամերով առանց կապի միջոցի իրար են փնտրել։ «Ես մի նկուղում էի, որդիս՝ այլ, կրակն անդադար էր, դուրս գալու հնարավորություն չկար։ Տարբեր լուրեր էին հասնում, թե երեխաներ են զոհվում»,- հիշում է Սաթենիկը։
Այդ օրերի Ստեփանակերտից Սաթենիկը հիշում է մարդաշատ փողոցները, խուճապն ու իրար հակասող բազմաթիվ լուրերը։ «Մարդիկ շրջաններից հասել էին մայրաքաղաք։ Տարբեր լուրեր էին պտտվում, թե պայմանագիր է կնքվել, որ մինչեւ հունվար կարող ենք մնալ, հետո հերքվեցին։ Շատերը ստիպված եղան անգամ անձնական փաստաթղթերը վերացնել, որովհետեւ ասում էին՝ այդպես ապահով է։ Մի քանի օրվա ընթացքում ինչ ասես եղել է»։
Արցախից Սաթենիկին միայն փաստաթղթերն են մնացել, որոնք խուճապի պահին չի այրել։ Ամենաշատը ցավում է, որ ամուսնու եւ մոր գերեզմանին հրաժեշտ տալ չի կարողացել․ ադրբեջանցիները գերեզմանատան տարածքում են եղել։ «Հիմա ամենից շատ իմ Արցախ վերադառնալ եմ ուզում, բայց հայկակա՛ն Արցախ, ո՛չ ադրբեջանաբնակ։ Տեսանյութեր ենք տեսնում, որտեղ Ստեփանակերտի փոխարեն Խանքենդի է գրված․ դրանից ցավալի բան չկա»,- ասում է։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո Սաթենիկն ու որդին բնակարան են վարձել Հրազդանում։ Մոտ մեկ ամիս է՝ ուսուցչուհին Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում է աշխատանքի անցել։ Տասնհինգամյա որդին, որը դպրոցում գերազանց առաջադիմությամբ է սովորել, ստիպված է եղել թողնել ուսումը՝ այլ մասնագիտություն սովորելու համար, որ կարողանա արագ աշխատանք գտնել։
Սաթենիկը նաեւ սկսել է չիզքեյքերի ու փախլավաների պատվերներ ընդունել։ Հրուշակագործությունը, որն Արցախում ուսուցչի սիրելի զբաղմունքն էր, այժմ եկամտի փոքր աղբյուր է։
«Ամբողջ կատարվածից հետո աշխատանքս պարզապես ոտքի կանգնելու միջոց է։ Բայց ես սիրում եմ աշակերտներիս, մասնագիտությունս եւ պետք է աշխատեմ։ Հիմա էլ փորձում ենք կապը պահել, շփվել նախկին աշակերտներիս ու նրանց ընտանիքների հետ։ Այս մշակույթի տանն էլ սովորում է Արցախի մեր դպրոցի աշակերտներից մեկը, հարազատության զգացողություն է»,- ասում է Սաթենիկը։
Ռուսերենի դասերի համար գրանցվելու կամ քաղցրավենիք պատվիրելու համար Սաթենիկին կարող եք զանգահարել 044202559 հեռախոսահամարով։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: