ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 22-ի ճեպազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի վրա է «սաղացրել» օգտագործման համար ոչ պիտանի զենք: «Եթե ֆրանսիական տեխնիկան ցուցադրվում է հարթակներում, դա իմաստ ունի, իսկ եթե նայեք դրանց արդյունավետությանը, եկեք, մեր զինվորականները ձեզ կասեն»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ դա այն զինատեսակներն են, որոնք Փարիզը չկարողացավ վաճառել։
«Թե ինչպես այս գնումը կուժեղացնի Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը, մնում է առեղծված»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Անդրադառնալով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարություններին՝ Մարիա Զախարովան նշել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումն արմատապես փոխելու ուղղությամբ:
Զախարովան շեշտել է, որ կուզենար տեսնել՝ ինչպես է վեկտորի փոփոխությունը դրսեւորվում գործնական հարթությունում։ Ըստ նրա՝ դա իրական մտադրությունները թաքցնելու բացահայտ փորձ է։ Խոսնակը համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքական կողմնորոշումն արմատապես փոխելու ուղղությամբ քայլերն արվում են Արեւմուտքի թելադրանքով:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երեւանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը: