ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Մոսկվան վերջին երեք ամիսներին անընդմեջ հրավերներ է ուղարկել հայկական կողմին` առաջարկելով բանակցություններ անցկացնել ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ բազմակողմ միջոցառումների տարբեր հարթակներում: Սակայն մինչեւ հիմա, ըստ խոսանկի, Երեւանից այդպես էլ հստակ արձագանք չի ստացել։ Ճեպազրույցում լրագրողներից մեկը մեջբերել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, ըստ որի՝ ինքը տեղյակ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական կողմի ներկայացրած առաջարկներից։
«Երեւանը շտապում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնել Վաշինգտոնում, Բրյուսելում, թեեւ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն չեն կարող բարեխիղճ միջնորդ համարվել մի շարք պատճառներով»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Ըստ Զախարովայի` Վաշինգտոնն ու Բրյուսելն առանց ամաչելու գողանում են Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը եւ հարմարեցնում իրավիճակին։
Ըստ ռուս դիվանագետի՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության իրական նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելն է, տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները քանդելը։ Խոսնակը համոզմունք է հայտնել, որ հենց դրա համար էլ իրական ձեռքբերում Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջնորդությունից չկա ու չի էլ կարող լինել, որովհետեւ նրանց նպատակն այլ է։ «Երեւանի վստահությունը, որ Արեւմուտքը նրանց օգնելու է, տապալվել է, դա անհնար է չտեսնել»,- ընդգծել է Մարիա Զախարովան։