2023 թվականին առաջին անգամ հայերեն թարգմանությամբ ԱՐԻ գրականության հիմնադրամը հրատարակեց իտալացի մարքսիստ Անտոնիո Գրամշիի «Բանտային տետրեր» էսսեների ժողովածուն։
Գրամշին բանտարկվել է իտալական ֆաշիստական ռեժիմի կողմից 1926-ին։ Նոթատետրերը գրել է 1929-1935 թվականներին, երբ վատառողջ լինելու պատճառով բանտից տեղափոխվել է բժշկական կենտրոն: 1930-ականներին դրանք անօրինական ճանապարհով դուրս են բերվել բանտից։ Առաջին անգամ հրատարակվել են 1947-ին: Գրամշիի աշխատությունը ներառում է ավելի քան 30 տետր եւ 3000 էջ պատմություն ու վերլուծություն։
Հայերեն հատորը կազմված է ընտրված գլուխներից եւ հատվածներից, որոնք ներկայացված են «Մտավորականներ», «Կրթություն», «Արդի տիրակալ», «Պետություն եւ քաղաքացիական հասարակություն», «Փիլիսոփայության ուսումնասիրություն» խորագրերով։
Հիսուն տարի առաջ «Բանտային տետրերի ընտրանիի» [Selections from Prison Notebooks] անգլերեն թարգմանությունը Անտոնիո Գրամշիին բերեց համաշխարհային հարթակ եւ մարքսիզմին տվեց իր ամենաազդեցիկ հետպատերազմյան մտավորականին։
Կարիք չկա Անտոնիո Գրամշիին ներկայացնելու։ Հակաֆաշիստ քաղաքական մտածողը ամենահաճախ մեջբերվող իտալացի հեղինակներից է, անշուշտ, ամենահաճախ մեջբերվող իտալացի մարքսիստը եւ XX դարի ամենանշանավոր մարքսիստ փիլիսոփաներից մեկը։
Գրամշիի հմայքի մեծ մասը նրա կյանքի եւ վաղաժամ մահվան պատմության, որ տեղ է գտել քաղաքական պայքարի եւ մտավորական նվիրվածության, Մուսոլինիի կողմից բանտարկվելու եւ գործարաններում աշխատելու միջեւ, ինչպես նաեւ մարքսիստական ավանդույթում նրա ունեցած բացառիկ կարգավիճակի մեջ է։
Գրամշին թողել է բանտում գրված երեսուներեք Տետր, որտեղ զետեղվել են ավելի քան երկու հազար մտորումներ, նշումներ, ակնարկներ եւ թարգմանություններ։ Նրա աշխատության հատվածային բնույթը, ինչպես նաեւ արկածային եւ անգամ խորհրդավոր ճակատագիրը, որով կրկին ի հայտ եկան Տետրերը եւ տպագրվեցին Իտալիայի կոմունիստական կուսակցության կողմից սառը պատերազմի տարիների սկզբում, նույնպես նրա մնայուն լեգենդի մաս են։
Գրամշին առաջին մարքսիստն էր, որ գրում էր, թե մշակույթի հիմքում սոսկ տնտեսական հարաբերությունների արտահայտությունը չէ ընկած, այլ, ինչն ավելի կարեւոր է, գերիշխանության տարրերից մեկը, որը նա նկարագրում էր որպես ուժի վերաբնակեցման եւ փոփոխվող գաղափարախոսության մշտական ընթացք, մի բան, որ բնորոշում է արդի քաղաքականությունը եւ կապիտալիստական հասարակությունները։
Նրա բարդ վերլուծությունը սոցիալական իշխանության՝ որպես առավել բարդ մատրիցայի, քան պարզապես գերակայության եւ ենթակայության հարաբերությունների, որոնցում ինստիտուտները, ինչպես նաեւ զանգվածային-ժողովրդական եւ գրական-մշակութային արտադրությունը նուրբ դեր են խաղում, տարածում գտավ ամբողջ աշխարհում՝ Հնդկաստանից մինչեւ Արգենտինա եւ Աֆրիկյան մայրցամաք, ԱՄՆ-ից մինչեւ Բրիտանիա։
Ժողովրդավարության եւ հեղափոխության իմաստի, քաղաքացիական հասարակության եւ ենթադաս խմբերի վերաբերյալ նրա մտորումների ճկունությունն իր տեղը գտավ ինչպես տեսական վերացարկումներում, այնպես էլ քաղաքական ակտիվիզմի եւ ժամանակակից սոցիալական տեսության մեջ, իսկ վերջին շրջանում կիրառելի էր որպես մոդել պոպուլիզմի դարաշրջանում քաղաքական ձախ ուժերի ընտրական ռազմավարությունում։ Կասկածից վեր է, որ Գրամշիի ժառանգությունը մնայուն է։
Անտոնիո Գրամշին անգլիախոս աշխարհում
Գրամշիի գլոբալացումը, սակայն, բավականին նոր երեւույթ է։ Երկար ժամանակ նա իտալական երեւույթ էր՝ սերտորեն կապված Իտալիայի կոմունիստական կուսակցության պատմության եւ դրա կիրառման (կամ չարաշահման) հետ, որ իրականացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կուսակցության առաջնորդ Պալմիրո Տոլյատին։
Վերջինս փորձում էր ամրապնդել մարքսիզմի եւ Իտալիայի մտավորական ավանդույթի կապը, եւ դրա հետ մեկտեղ «նոր կուսակցության» իր ռազմավարությունը խարսխել Գրամշիի՝ միջդասակարգային միության եւ նոր պատմական բլոկի մասին գրվածքների վրա: Երկու ուղղությունները հաջողությամբ համագործակցեցին իտալական հայտնի «կարմիր գոտում». Էմիլիա Ռոմանիա նահանգի կոմունիստական վարչակազմերի հաջողությունը նպաստեց Գրամշիի տեսության տարածմանը, հատկապես ԱՄՆ-ում եւ Բրիտանիայում:
1970-1980-ականների Իտալիայում Կարմիր Բոլոնիայի պատմությունը եւ նրա սոցիալիստական (կամ առնվազն առաջադեմ) քաղաքականությունը հակադրվեցին նորազատականության վերելքին: Պատահական չէ, որ մի կողմից՝ իտալական կոմունիզմի, մյուս կողմից՝ թետչերիզմի՝ որպես գերիշխանական նախագծի շուրջ բանավեճերը ծավալվեցին Marxism Today հանդեսի էջերում։ Այդ ամսագրի առաջատար մտավորականներն էին պատմաբան Էրիկ Հոբսբաումը եւ մշակույթի տեսաբան Ստյուարտ Հոլը, որոնք երկուսն էլ շատ բան էին որդեգրել Անտոնիո Գրամշիի գրածներից։
Գրամշիի Տետրերը շրջանառվեցին ամբողջ աշխարհում հիմնականում անգլերեն թարգմանությունների ֆիլտրի միջոցով: Նրա գործերի առաջին հրատարակությունը Իտալիայի սահմաններից դուրս 1957 թվականին կարճ քաղվածքների անգլերեն թարգմանությունն էր, որին հաջորդեց 1971-ին «Բանտային տետրերի ընտրանին»՝ Քվինտին Հոարի եւ Ջեֆրի Նոուել-Սմիթի թարգմանությամբ եւ Lawrence & Wishartի հրատարակությամբ: Այսպես ի հայտ եկավ Գրամշին որպես համաշխարհային երեւույթ։
Գրամշիի ազդեցիկ կատեգորիաների քաղաքական կամ մտավորական ցանկացած կիրառում անպայմանորեն միջնորդավորված է նրա բառերի նախնական ներկայացման ձեւով։ Եվ նույնիսկ այսօր՝ հիսուն տարի անց, ոչ մասնագետի կամ ոչ իտալացի ընթերցողի համար հենց այդ անգլերեն թարգմանությունն է հաղորդում Գրամշիի գործառնականացումը:
Ինչպես ասել է Ջոզեֆ Բուտիջիգը՝ Գրամշիի ամերիկացի թարգմանիչը, որը մահացել է նախքան անգլերեն քննադատական հրատարակությունն ավարտելը, Գրամշիի ընդունման, կիրառման, ադապտացման եւ հետագա տարածման պատմությունը անգլիախոս համատեքստում առանցքային նշանակություն ունի։ Եվ հակառակը՝ վերլուծելով ու մտորելով այն բանի շուրջ, թե ինչպես է Գրամշին կաղապարվել եւ տարբեր կերպարանքներով վերաձեւվել համաշխարհային իր հաջողությունից ի վեր, կարող է նաեւ թույլ տալ մեզ վերանայել անցյալի արմատական քաղաքականությունը եւ վերականգնել Գրամշիի ներդրումը նոր ռազմավարական եւ ժողովրդավարական ձեւերով:
«Տետրեր»-ի նախապատմությունը եւ հետագա ընթացքը
Գրամշիի գաղափարները Մեծ Բրիտանիա հասան լայն տարածական, պատմական եւ մշակութային բացերի միջով: Սովորաբար պնդում են, որ նրա գաղափարները նպաստեցին բրիտանական մարքսիզմի մեջ «էկոնոմիզմի» դեմ պայքարին եւ օգնեցին ձախերին մեկնաբանելու թետչերիզմը եւ գլոբալացման գործընթացը: 1957-ին Գրամշիից արված առաջին երկու կարճ ակնարկները որևէ ազդեցություն չունեցան ձախ եւ կոմունիստական մտավորական շրջանակներից դուրս (Լուի Մարկսի թարգմանությամբ «Արդի տիրակալը» եւ այլ աշխատություններ ներկայացնում էին Գրամշիին որպես կուսակցության տեսաբանի, իսկ «Անտոնիո Գրամշիի բաց մարքսիզմը»՝ Կարլ Մարզանիի թարգմանությամբ, ԱՄՆ-ի ընթերցողին ներկայացնում էր «չափավոր» Գրամշիին), այնինչ 1971 թվականը դարձավ շրջադարձային։
Գրամշիի Տետրերը պատերազմի ավարտից անմիջապես հետո հրատարակելու փորձեր արեց նրա մտերիմ ընկեր, Քեմբրիջի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Պիերո Սրաֆան, այնինչ Գրամշիի որոշ գրածների ավելի վաղ թարգմանությունը սկսել էր շոտլանդացի բանաստեղծ Համիշ Հենդերսոնը:
Բրիտանիայի կոմունիստական կուսակցության վարանումները, եթե ոչ կանխամտածված խոչընդոտները, կասեցրին բոլոր ջանքերը մինչեւ 1956 թվականը՝ Հունգարիայի ճգնաժամը: Հաջորդ տարի Խոսե Արիկոն սկսեց Տետրերն իսպաներեն թարգմանել լատինամերիկացի ընթերցողի համար․ միաժամանակ շրջանառվում էր ֆրանսերեն չարտոնված թարգմանությունը, որը Լուի Ալտյուսերի խիստ ազդեցիկ Lire le Capital քննադատության հիմնական աղբյուրն էր։ Այնուամենայնիվ, Գրամշիի աշխատանքը մեծ ուշադրության չարժանացավ նախքան «Ընտրանիի» տպագրությունը, եւ սա այն Գրամշին էր, որն ադապտացվել էր հետվաթսունութի եւ հետֆորդիստական աշխարհի համար:
Երկու թարգմանիչներին՝ Քուինտին Հոարին եւ Ջեֆրի Նոուել-Սմիթին, հասանելի էին Գրամշիի ձեռագրերը եւ Վալենտինո Ջեռատանայի աշխատասիրությամբ իտալերեն քննական բնագրի սեւագիր օրինակը, որը պետք է տպագրվեր 1975 թվականին: Ներածությունը, որը հիմնականում գրել էր Հոարը, ներկայացնում էր խիստ «ձախական» Գրամշի, ինչը համահունչ էր բրիտանացի ընթերցողների նախընտրած արմատական մեկնաբանությանը եւ բացահայտորեն հակադրվում էր «միջդասակարգային» տարբերակին, որը հաստատվել էր հետպատերազմյան իտալական քաղաքական եւ մտավորական միջավայրում։
Հոարը եւ Նոուել-Սմիթը որդեգրեցին նորաբանություններ ու ստեղծեցին անգլերենի բոլորովին նոր քաղաքական բառապաշար. սա թարմացրեց բրիտանական քաղաքական դիսկուրսը` ներմուծելով «պատմական բլոկ», «դիրքային պատերազմ», «քաղաքացիական հասարակություն» եւ, առաջին հերթին, «գերիշխանություն» հասկացությունները, եւ ներկայացրեց առաջադեմ արեւմտյան ազատական ժողովրդավարություններում մարքսիզմի յուրացման ավելի բարդ եւ նվազ միաձույլ համակարգ:
Գիրքը չափազանց բարեհաջող տեղ գտավ այն ծիրում, որն արդեն իսկ ստեղծել էին Բրիտանիայում Նոր ձախերը, եւ Գրամշին, միեւնույն ժամանակ, դարձավ ե՛ւ դրա գոյության փաստարկման միջոց, ե՛ւ հետագա տարանջատումների ու առճակատումների խթանման գործիք:
Մի կողմից՝ կար Փերի Անդերսոնի հաստատակամ յուրացումը New Left Review-ի էջերում, մյուս կողմից՝ Ստյուարտ Հոլի առաջատար մշակութային հայտը՝ հատկապես թետչերիզմի հղացքի համար։
Երկու մտավորականներն էլ հայտնաբերել էին Գրամշիի միտքը 1960-ականներին իտալական փորձառության միջոցով. Անդերսոնը՝ Պիզայի Scuola Normale-ում Թոմ Նաիրնի փորձառության միջոցով, Հոլը՝ Լիդիա Կուրտիի, որը Բիրմինգհեմ է ժամանում Գրամշիի Նամակների պատճենով: Այնուամենայնիվ, նրանք այն օգտագործում են տարբեր նպատակներով, եւ նրանց թողած դրոշմներն ասես կրկնակի ռեգիստր են գրանցում բրիտանական ձախերի համատեքստում:
Անդերսոնի կարծիքով՝ Գրամշին օգնում է հասկանալու արմատական պրոլետարիատի եւ, ի վերջո, բրիտանական հեղափոխական ոգու բացակայությունը: Նրան հատկապես ոգեշնչում էր Գրամշիի փորձը՝ բացատրելու Իտալիայի պատմությունը որպես մարքսիստական պատմական զարգացման բնականոն ընթացքից շեղում։ Բայց, իր քննադատների կարծիքով, Անդերսոնը Գրամշիին մեխանիկորեն փոխադրել էր այլ համատեքստ՝ դրանով իսկ չհասկանալով, որ Գրամշիի հրատապ նպատակն էր բացատրել իտալական ֆաշիզմի վերելքը ժողովրդավարության եւ պետության միջեւ ներհատուկ եւ, ի վերջո, անհաղթահարելի լարվածության համատեքստում:
Անդերսոնն ի վերջո հեռանում է Գրամշիի մոտեցումից՝ Տետրերում փնտրելով միայն ենթադրյալ «չլուծված անտինոմիաները»: Այնուամենայնիվ, ներկայացնելով հզոր այլընտրանք 1960-1970-ականներին բրիտանական լեյբորիստական կուսակցության երբեմն լճացած կորպորատիվիզմին, Գրամշիի այս ընթերցումը նվաճեց ակադեմիական շրջանակները եւ, անկասկած, դեռ մեծ հետաքրքրություն է առաջացնում, հատկապես հետ-նոր լեյբորիստական ձախերի համատեքստում:
Թետչերի քաղաքական կոնսենսուսին անդրադառնալու համար Հոլն օգտագործել է Գրամշիի բառապաշարից տարբեր հիմնական հասկացություններ: Առաջին անգամ քննարկվելով հայտնի հոդվածում (1979 թ., Marxism Today)՝ թետչերիզմը հասկացվել է որպես գերիշխանական նախագիծ եւ ներկայացվել սադրիչ զուգահեռի հիման վրա. այն «ռեակցիոն արդիականացում էր», ինչպես Գրամշիի պասիվ հեղափոխության եւ գերիշխանության հղացքներով քննված, իտալական ֆաշիստական կորպորատիվիզմն է եղել արդիականացնող եւ հետընթաց ուժ։ Հոլի վերլուծության հիմնական հեռանկարն այն էր, որ թետչերիզմը քաղաքական երեւույթ էր, քանի որ հիմնականում մշակութային էր:
Նրա մոտեցումը արժանացավ թե´ ոգեւորված հավանության, թե´ խիստ քննադատության, հատկապես պատմաբանների շրջանում։ Այնուամենայնիվ, քաղաքական դիսկուրսի եւ ակադեմիական բանավեճի մեջ ունեցած մնայուն հաջողությունը վկայում է այս ժառանգության ազդեցիկ դերի մասին։ Կարելի է Հոլին վերագրել Գրամշիի նկատմամբ միաչափ մշակութային մոտեցման կամ Լակլաուի հետմարքսիզմի ոչ կառուցողական «դիսկուրսիվ գերիշխանական ձեւավորման» տարածումը: Այնուամենայնիվ, Հոլի աշխատությունը վկայում է Գրամշիի սոցիալիզմի արդիականությունը՝ հետֆորդիստական բրիտանական հասարակության մեջ ավանդական եւ ժողովրդավարական քաղաքական լեգիտիմացման գործընթացների ու ազգային ինքնության եւ դասակարգային քաղաքականության նոր դիսկուրսիվ արտահայտությունների միաժամանակյա ներկայությունն ի հայտ բերելով:
Եթե 1980-ականների սկզբին Եվրոպայում ռեֆորմիստ եւ սոցիալ-դեմոկրատ Գրամշին օգտագործվում էր եվրակոմունիստական նախագծի հիմնավորման համար, ապա նրա աշխատանքը դրանից դուրս բոլորովին այլ ընդունելության արժանացավ։ Եվրոպայի նախկին գաղութներում, հատկապես Հնդկաստանում եւ Լատինական Ամերիկայում, հեղափոխական Գրամշին վերածնվեց եւ գործեց քաղաքականապես:
Անցյալի արտադրությունը ներկայում
Ըստ Անն Շոուսթաք Սասունի՝ Գրամշիի հիմնական ներդրումներից մեկը պատմական մտորումների կարեւորության ճանաչումն է որպես ժողովրդավարության ընդլայնման նախապայման եւ որպես տեսական ու քաղաքական օրակարգի կառուցման հիմք, այլ ոչ թե որպես անցյալի պարզ քննադատություն։ Այս առումով Գրամշիի փոփոխվող հետազոտական հարացույցը՝ ներառման ռազմավարությունների վրա կենտրոնանալուց դեպի ստորադասման եւ բացառման սոցիալական ու մշակութային պայմանների հետաքննումը, ներկայացնում է կարեւոր քաղաքական տեղաշարժ: Ընդունելով պատմության կշիռը՝ Գրամշին տեսական եւ քաղաքական օրակարգը բխեցրեց ներկայի եւ ապագայի խնդիրներից եւ հնարավորություններից, այլ ոչ թե անցյալի ծրագրից: Սա մի գործընթաց է, որում ընթացիկ արդյունքներն ի հայտ են գալիս ոչ թե կուտակման, այլ ընդհակառակը, բանակցման միջոցով։
Գրամշին մտորումները թղթին հանձնեց դարաշրջանային փոփոխությունների ժամանակաշրջանում, որը նշանավորվեց զանգվածային հասարակության մարտահրավերներով, կապիտալիզմի նոր ձեւով եւ ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքներով: Ըստ Միքել Ֆիլիպինիի՝ Գրամշին անդրադարձել է դրանց՝ նպատակ ունենալով իմաստավորելու նոր իրողությունը՝ նորովի օգտագործելով տարբեր տեսական ավանդույթների բառապաշարը՝ սեփական վերլուծական գործիքները կատարելագործելու համար:
Նա բազմիցս հետաքրքրություն էր ցուցաբերել «ներկայում անցյալի արտադրության» խնդրի նկատմամբ եւ հայտնել «պատմության եւ պատմագրության տեսություն» գրելու իր մտադրության մասին՝ իրեն համարելով «պատմական զարգացման պատմաբան»։ Պատմության վերակազմումը չէր, իհարկե, նրա հետաքրքրությունների կենտրոնական առանցքը: Բայց դա պրակտիկա էր, որի հենքի վրա նա կառուցեց իր քաղաքական գործունեությունը։ Հակիրճ ասած՝ մեթոդի հարց էր:
Եթե ցանկանում ենք ուսումնասիրել մի աշխարհընկալման ծնունդը, որը նրա հիմնադիրը երբեք համակարգված ձեւով չի բացատրել (եւ ավելին, որի էական կապակցվածությունը պետք է փնտրել ոչ թե յուրաքանչյուր առանձին գրության կամ գրածների շարքում, այլ բազմաձեւ մտավորական աշխատանքի ամբողջ զարգացման մեջ, որում աշխարհընկալման տարրերը ներհայտ են), պետք է կատարենք նախնական մանրակրկիտ բանասիրական աշխատանք։ Սա պետք է կատարվի ամենայն բծախնդիր ճշգրտությամբ, գիտական բարեխղճությամբ եւ մտավորական հավատարմությամբ։
Թարգմանեց Աննա Բլուրցյանը
How Gramsci Went Global, Marzia Maccaferri Tribune 30.10.2021