ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր համաժողովի հերթական նստաշրջանում որոշել է Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների» 2024-2025 թվականների օրացույցում:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը վերոնշյալ հայտերը ներկայացրել է գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն մի շարք անդամ երկրներից եւ երկրների խմբից։
Մասնավորապես՝ ֆրանսահայ հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ ներկայացրել են Հայաստանն ու Ֆրանսիան Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի եւ ավելի քան 80 անդամ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ։
Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ ներկայացրել են Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան՝ ստանալով Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբանանի եւ Լեհաստանի աջակցությունը։
1998-ից մինչ օրս Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության ներկայացրած 25 հոբելյանական տարեթիվ: