Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան երկու երկրների պետական սահմանին։ Դրա մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` Հայաստանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի կողմից Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»,- նշել է Բադալյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանին առաջարկելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել պետական սահմանին։ Դրան հաջորդեց Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, որով հայկական կողմն Ադրբեջանին առաջարկում էր երկու երկրների պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։