Այս փուլում եւ այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։ Նոյեմբերի 23-ին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու մասին հարցը՝ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
«Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշել է փոխարտգործնախարարը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ շրջանակում տարբեր միջոցառումներին Հայաստանի չմասնակցելուն, Սաֆարյանն ընդգծել է, որ տարբեր ձեւաչափերով եւ հարթակներում ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ որոշումներն ընդունվում են ըստ դրանց նպատակահարմարության։
Ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նաեւ, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարց չկա:
«Մենք բազմիցս նշել ենք, որ այս խնդիրը Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական մոտեցումների շարքին է վերաբերում»,-նշել է նա:
Փոխարտգործնախարարը հավելել էր, որ առաջիկայում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի լինի: