Նոյեմբերի 23–ին` 22:00–ին, Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերով մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2023–ը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով: Ամենամյա 26-րդ հեռուստամարաթոնին կհաջորդի Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի (Armenia Fund) հեռուստամարաթոնը ԱՄՆ Արեւմտյան ափում: Հեռուստամարաթոնը սփռվում է նաեւ արբանյակային կապով Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում:
«Երեք ժամ տեւողությամբ ծրագիրը կներկայացնի Հիմնադրամի կողմից սահմանամերձ համայնքների զարգացման եւ բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ աջակցության ուղղությամբ իրականացված եւ ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրությունում: Հեռուստամարաթոնը զգալի փոփոխություն կբերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծման, կենսապայմանների բարելավման հարցերում:
2023-ի սեպտեմբերի 20-ից սկսած, երբ տեղի ունեցավ իր բնօրրանից արցախահայության բռնի տեղահանությունը, Հիմնադրամն անմիջապես ներգրավվել է մեր փախստականների առաջնային աջակցության մեծածավալ ծրագրերում: Կոռնիձորում եւ Գորիսում Հիմնադրամի թիմն արդեն աջակցում է Հայաստան հասած 45 հազար տեղահանվածների: