2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական դպրոցներում ներդրվել է ֆինանսավորման նոր կարգ: Ուսուցչի նվազագույն դրույքաչափը 108 հազար 800-ից դարձել է շուրջ 120 հազար դրամ:
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ֆինանսավորման նոր կարգն արդեն գործում է մարզի 145 հանրակրթական դպրոցներից 98-ում: Սրանք այն դպրոցներն են, որտեղ աշակերտների թիվն անցնում է 100-ը: 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների ցանկից 19-ում նույնպես՝ վերապահումներով, նոր համակարգով կֆինանսավորվեն, իսկ 47-ում դեռեւս կգործեն ֆինանսավորման հին չափորոշիչները:
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Ղումաշյանը մանրամասնում է՝ նոր կարգն այլեւս չի ենթադրում աշակերտների թվով ֆինանսավորում, գործում են հաշվարկի նոր բանաձեւեր: Մարզի ուսումնական հաստատություններին տրամադրվող բյուջեն էլ ավելացել է շուրջ 2 միլիարդ դրամով:
Ֆինանսավորման նոր համակարգից օգտվող Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Անահիտ Բաղդասարյանը տեղեկացնում է, որ իրենց դպրոցում բոլորի աշխատավարձերը բարձրացել են. ոմանցը՝ շատ, ոմանցն էլ՝ չնչին: Հիմնականում ավելացել են դասղեկների, մանկավարժների օգնականների դրույքաչափերը, վարչատնտեսական մասը սպասարկող հաստիքները: Սակայն դպրոցում հրաժեշտ են տվել սոցմանկավարժին, քանի որ նրա հաստիքը կրճատվել է:
Դպրոցներում պարտադիր է դարձել հոգեբանի հաստիքը, իսկ կրճատված սոցմանկավարժներին կփոխարինեն ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:
Ինչպես են լուծվում 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների ֆինանսական դժվարությունները, արդյոք հին ֆինանսավորման կարգով աշխատելը հատկապես գյուղական դպրոցներին չի կանգնեցնում փակման վտանգի առաջ. Ղումաշյանը վստահ ասում է՝ ո՛չ, այդ դպրոցներում ֆինանսի պակաս, բյուջեի ճեղքվածք չկա: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` մինչեւ 2026 թվականը 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն:
2023 թվականի հունվարից ուժի մեջ է նաեւ դպրոցների կառավարման նոր համակարգը. ասել է թե՝ մեկ դպրոցը երկու մարդ է ղեկավարելու. մեկը համակարգելու է ուսումնադաստիարակչական, մյուսը՝ վարչատնտեսական մասը: Որոշումը դպրոցների տնօրենների եւ հանրույթի կողմից այնքան էլ սիրով չի ընդունվել: Մտավախություն կա, որ մեկ հաստատությունում երկու ղեկավարը շատ է, տարաձայնությունների եւ պառակտման պատճառ կդառնա:
Գեւորգ Ղումաշյանը շտապում է ջուր լցնել բորբոքված կրքերին. երկրորդը տնօրեն չէ, համակարգող է. տնօրենի հետ համատեղ համակարգում է: «Սպասված որոշում էր, կարիքը կար: Այլեւս տնօրենը էլցանց, ջրմուղ, հարկային տեսչություն չի գնա՝ բաց թողնելով կրթությունը լիարժեք կառավարելու գործը: Կտուրի, նկուղի նորոգմանը հետեւելու փոխարեն էլ դասալսում կիրականացնի: Այստեղ շահողը աշակերտն է»,-վստահեցնում է Ղումաշյանը:
Մարզում 15 դպրոց անցել են կառավարման նոր համակարգի: Միչեւ 2017 թվականը բոլոր դպրոցներում էլ կներդրվի այն. դպրոցի տնօրենի պայմանագիրը լրանալուն պես կհայտարարվի տնօրենի ոչ թե մեկ, այլ երկու մրցույթ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։