Երեկ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում «խոստովանել» է, որ 2021-ի ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը եւ խնդրել «ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն»։
Այնուհետեւ Զատուլինն ասում է, որ Ռուսաստանը մերժել է, քանի որ նրանք գալու էին ու չեղյալ համարեին 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ինչը Ռուսաստանի սրտով չէ։
Զատուլինը մի կետում ստում է։ Եթե ընդդիմությունը ռուսների օգնության կարիքն ուներ, ուրեմն կհամաձայնեցվեր նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնագրի նկատմամբ վերաբերմունքը։ Երկրորդ՝ ընդդիմությունը պարզապես որեւէ տարբերակ չուներ չեղարկելու այդ համաձայնագիրը։
Ընդդիմությունը չէր գալու ու հաղթեր։ Ոչ ոք չէր գա ու հաղթեր այդ օրվա Հայաստանի փոխարեն, որը պարտվեց նաեւ այդ ընդդիմության հետ միասին։
Կարճ ասած՝ ընդդիմությունը չէր կարող չեղարկել համաձայնագիրը, քանի որ միշտ է ռուսամետ եղել եւ հենց այդ պատճառով էլ դիմել է հենց Ռուսաստանին։ Զատուլինը ստում է ոչ թե դիմելու փաստով, այլ մերժելու։ Ես, իհարկե, կասկածում եմ, որ մեր ընդդիմությունը դիմել է Ռուսաստանին (պարզ է, չէ՞, որ ռուսները դա այսպիսի մի օր ջրի երես էին բերելու), բայց համոզված եմ, որ եթե դիմեր, Ռուսաստանը չէր մերժի։
Ի՞նչ է շահում Ռուսաստանը Զատուլինի այս խոստովանությամբ։ Ոչինչ, բացի հայ հանրությանը ցույց տալուց, որ Նիկոլ Փաշինյանի հակառուսական խաղերին լուրջ չվերաբերվենք, ինքը «մեր տղան է», իրենք հանձին Փաշինյանի հարգում են հայ ժողովրդի ընտրությունը, եւ որ հայ հանրությունը հանգիստ կարող է ռուսների հետ հույս կապել։
Թվում է, թե այս «խոստովանությամբ» Զատուլինն ընդունում է Փաշինյանի դեմ ժամանակին ավելի ակտիվ քայլեր չձեռնարկելու մեղքն այն ժամանակ, երբ կար դրա հնարավորությունը։ Բայց այդպիսի մեղքը խոստովանելու բան չէ։
Հսկա «ինստիտուցիոնալությամբ» աչքի ընկնող Ռուսաստանը, ըստ Զատուլինի, չի կարողացել հաշվարկել մի պարզ բան, թե իր համար որքան վտանգավոր է Փաշինյանի մնալը։ Բայց, ըստ իս, Զատուլինը դա չէ, որ ուզում է ասել։
Զատուլինի այս «խոստովանությունը» ՀՀ իշխանություններին պետք չէ, նրանք արդեն իսկ որոշել են, որ ռուսների հետ ճանապարհ չունեն գնալու, այդ «խոստովանությունը» «պետք է» հայ հանրությանը, որը, եթե հանկարծ վաղը իշխանության կամ Հայաստանի հետ մի բան պատահի, անմիջապես մեղքը ռուսների վրա չգցի։
Այս «խոստովանությամբ» Զատուլինը ստուգում է նաեւ հայ հանրության վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ, որը մի անգամ արդեն արտահայտվել է 2021-ի հունիսի ընտրություններով։ Արդյո՞ք ժողովուրդը կգերադասի այդպիսի ընդդիմությանը, որը հենց Ռուսաստանի հետ է հույսեր կապում, որն իր հերթին իր հավատարմությունն է հայտնում, իր բառերով, ժողովրդի ընտրած իշխանությանը։
Բայց այս «խոստովանությամբ» Զատուլինը նաեւ թաղում է մեր ընդդիմությանը, որն առանձնապես լավ վիճակում չէ։ Հայաստանում այսօր նույնիսկ ղարաբաղցիները չեն սիրում ռուսներին, որոնք պարզապես չպաշտպանեցին նրանց իրենց հողում ապրելու իրավունքը, որն ինչ-որ իմաստով ստանձնել էին խաղաղապահի անվան տակ։
Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Զատուլինը խոսում այս մասին։ Նա խոսում է հասկացնելու համար, որ դեպքերի ցանկացած բերումով Ռուսաստանը Հայաստանում կա։ Եվ այսօր կա հատկապես Փաշինյանին չխանգարելով, որքան էլ Փաշինյանը ռուսներին տեսնելու ցանկություն չունի։
Նա չի ասում, որ Հայաստանում Ռուսաստանը պարտվել է ընդդիմությանը չաջակցելով, նա ասում է, որ հանձին Փաշինյանի հայ ժողովուրդն ընտրել է պարտությունը. եւ Ռուսաստանը դրա հետ ոչինչ չի կարող անել, բայց, այնուամենայնիվ, հայ ժողովրդի հետ է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: