Ռուսաստանի եւ Չինաստանի իշխանամերձ գործարարները հոկտեմբերի վերջին գաղտնի բանակցություններ են վարել ստորջրյա թունելի կառուցման ծրագրերի շուրջ, որը կմիացնի Ռուսաստանը Ղրիմի հետ։ Նման երթուղին անվտանգ կլինի Ուկրաինայից հարձակումների դեպքում: Տեղեկությունը հայտնել է The Washington Post-ը: Ըստ ամերիկյան պարբերականի՝ Ռուսաստանի եւ Չինաստանի վերոնշյալ ծրագրի մասին տեղեկացել է նաեւ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Ռուսաստանն, ըստ պարբերականի, անշուշտ, վախենում է Ղրիմի կամրջի անվնաս մնալու համար, որը պատերազմի ընթացքում թերակղզու հետ հիմնական ռազմավարական եւ նյութատեխնիկական կապուղին է: «Այս մտավախություններն իզուր չեն։ Ուկրաինան, չունենալով սեփական նավատորմ, ռուսական սեւծովյան նավատորմը քշեց դեպի ամենահեռավոր ջրերը։ Թերեւս ռուսական նավերը եւ նույնիսկ սուզանավերն այլեւս ոչ մի տեղ անվտանգ չեն կարող լինել»,- նշել է Washington Post-ը։ Ըստ հոդվածի հեղինակի՝ Ուկրաինան համակարգված կերպով ոչնչացնում է ռուսական հակաօդային պաշտպանությունը Ղրիմում, ուստի այս տխրահռչակ կամուրջը պաշտպանելու որեւէ առանձնահատուկ տարբերակ ռուսները չունեն։
Washington Post-ը գրում է, որ բանակցությունները ցույց են տալիս Մոսկվայի վճռականությունը՝ պահպանել Ղրիմը, որը նա անօրինական կերպով բռնակցել է իրեն դեռեւս 2014 թվականին։ Բացի դրանից՝ պարբերականը նշում է Ռուսաստանի աճող կախվածությունը Չինաստանից։
Ամերիկացի պաշտոնյաներն ու տեխնիկական փորձագետներն արդեն հայտնել են, որ գոյություն ունեցող կամրջի կողքին թունելի կառուցումը հսկայական խոչընդոտների է բախվելու։ Այս շինարարության արժեքը գնահատվելու է միլիարդավոր դոլարներ, իսկ ընթացքը կտեւի երկար տարիներ։ Բացի այդ՝ նախկինում պատերազմական գոտում նման աշխատանք չի իրականացվել։