Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն նոյեմբերի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ՀՀ կառավարության նիստում կոմիտեի նախագահի՝ Հակակոռուպցիոն դատարանի ընդունած որոշման մասին արած հայտարարությանը դատական դեպարտամենտի արձագանքին։
Նոյեմբերի 23–ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգություն էր հայտնել, թե կոռուպցիոն գործերով իրական արդյունքները ձգձգվում են: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն էլ բացատրել էր, թե կան դատարան ուղարկված մոտ 20 միլիոն դրամի կաշառքի՝ ՊՆ-ի իրային պահեստի հրամանատարի վերաբերյալ քրեական գործեր, բայց բոլոր մեղադրյալները կալանքից ազատվել են։ Խաչատրյանն ընդգծել էր, որ դատական նիստերը մեղադրյալների կալանքի տակ չգտնվելու դեպքում տարիներով ձգձգվում են։
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն իր հայտարարության մեջ նշել է, որ Դատական դեպարտամենտը, կոչված լինելով ապահովել ԲԴԽ-ի, դատարանների, դատավորների գործունեությունը, լիազորությամբ օժտված չլինելով, փորձել է մեկնաբանել դատական ակտերի եւ նախաքննական մարմնի ապացույցների հիմնավորվածությունը:
ՀՀ դատական դեպարտամենտն էլ արձագանքել էր Կառավարության նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի քննադատությանը: Դեպարտամենտից հայտնել են, որ խոսքը վերաբերում է Հակակոռուպցիոն դատարանում քննվող «Զինվորական համազգեստների» վերաբերյալ քրեական գործին: Այդ գործում ներգրավված են եղել չորս մեղադրյալներ: Դատական դեպարտամենտն ընդգծել էր, որ դատարանը կիրառել էր ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը: Դեպարտամենտի համոզմամբ՝ կալանք կիրառել պետք չէր, քանի որ կիրառված համակցված խափանման միջոցները բավարար են եղել մեղադրյալների պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
«Զերծ մնալով դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով դատարանների կայացրած որոշումների հրապարակային քննարկումներից եւ ապացույցների գնահատումից՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնպահ կմնա նաեւ այդ մասին Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ հնչեցրած մեկնաբանություններին արձագանքելուց՝ հատկապես հաշվի առնելով, որ հիշյալ հայտարարությունը տարածած մարմինը նույնպես նման որեւէ իրավասություն չունի»,–նշված է հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մեջ: