Հիսուն ժամ ճանապարհ՝ երկուսի փոխարեն․ արցախցի Ռոմելլա Ավանեսյանը մինչ օրս էլ դժվարությամբ է պատկերացնում՝ ինչպես տասնամսյա շրջափակումից ու պատերազմից հետո վերջապես Հայաստան հասան՝ հետեւում թողնելով տարիների ստեղծածն ու ապրածը։
«Ամեն կես մետրն անցնելու համար ժամեր էին պետք։ Գնում էինք դեպի անորոշություն, չգիտեինք՝ ուր ենք հասնելու»,- ասում է նա։
Երկու անչափահաս երեխաների մայրը շրջափակման ընթացքում հղի է եղել։ Երբ 2022-ի դեկտեմբերին ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, համոզված էին, թե դա կտեւի օրեր, վատագույն դեպքում՝ շաբաթներ։ Հետո սկսել են համակերպվել եւ այդ դրության մեջ լուծումներ գտնել։
«Հատկապես հղիության շրջանում դժվարությունները շատ էին՝ սննդի պակաս, տրանսպորտի բացակայություն, հետազոտություններ։ Ոչինչ չկար, եղածն էլ շատ թանկ արժեր, բայց հույսներս չէինք կորցնում։ Անգամ որոշել էինք սառնարան գնել, որ պաշար հավաքեինք՝ ձմեռն անցկացնելու համար»,- հիշում է նա։
Ռոմելլան ընտանիքի հետ Ստեփանակերտում է ապրել, հայրական ընտանիքը՝ Մարտունու Գիշի գյուղում։ Օգոստոսին երեխան ծնվել է, ու նա մի քանի ամիս չի աշխատել։ Սեպտեմբերի 19-ին, երբ զինծառայող ամուսինը դիրքերում է եղել, սկեսուրը՝ աշխատանքի, սկսվել են պայթյունները։ Մեծ, հարմարավետ տնից հասցրել է վերցնել մի քանի փաստաթուղթ, երեխաների հագուստ ու պատսպարվել հարեւանի նկուղում։
Ապաստարանում անցկացրած մեկուկես օրն իրենց կյանքի ամենադանդաղ անցած ժամանակն էր։ Կապի որեւէ միջոց չկար, եւ Ռոմելլան ոչ մի լուր չուներ ո՛չ սահմանին գտնվող ամուսնուց, ո՛չ Մարտունիում գտնվող ծնողներից։
«Երկու երեխաների հետ, որոնցից մեկը՝ նորածին, մնացել ենք անորոշության մեջ՝ առանց որեւէ հույսի։ Սարսափելի էր գիտակցելը, որ ընդամենը կիլոմետրերի հեռավորությամբ կատարվողից տեղյակ չենք»,- ասում է Ռոմելլան։
Միայն ապաստարանից դուրս գալուց, ընտանիքի անդամներին գտնելուց հետո է իմացել՝ իրականում ինչ մասշտաբների է եղել պատերազմը։ Մարտունու Գիշի գյուղից Ստեփանակերտ ընկած 45 րոպեն Ռոմելլայի հայրական ընտանիքը երկու օրում է անցել։
«Մայրս պատմում է, որ գյուղում այդ ընթացքում միայն կանայք են մնացել եւ փորձել են թաքնվել անտառում։ Տղամարդիկ դիրքերում են եղել։ Իսկ արդեն դեպի Ստեփանակերտ գաղթի ճանապարհին ադրբեջանցիները շատ վատ են վերաբերվել վարորդների հետ, վիրավորել են, փորձել հունից հանել, ստուգել են ավտոմեքենաների ամեն դետալը»,- ասում է Ռոմելլան։
Մինչեւ վերջնական բռնի տեղահանումը արցախցիներին ամենատարբեր հակասական լուրեր են հասել, դժվար է եղել հասկանալը՝ ինչ անել, ում լսել։
«Մեկն ասում էր՝ մինչեւ հունվարի մեկը ժամանակ ունենք, մի մասը, թե՝ մի քանի օր։ Նաեւ լուրեր էին պտտվում, թե տղամարդկանց չեն թողնում հեռանալ, միայն կանայք կարող են դուրս գալ»,- հիշում է Ռոմելլան։
Բազմաթիվ դժվարություններով Հայաստան հասնելուց հետո Ռոմելլայի, նրա հոր ու քեռու ընտանիքները հաստատվել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Տասնութ հոգով մի տանն են եղել, բայց ուրախ, որ ողջ են հասել։
Որոշ ժամանակ անց բնակարան են վարձել։ Ռոմելլան մի քանի մասնագիտություն ունի։ Ստեփանակերտի դպրոցներից մեկում երաժշտական ղեկավար է աշխատել, նաեւ մատնահարդարմամբ է զբաղվել։
Եղեգնաձորում էլ կարճ ժամանակ անց աշխատանքի առաջարկ է ստացել գեղեցկության սրահներից մեկում։ Դրանով չի սահմանափակվել, մոր հետ սկսել են նաեւ նրբաբլիթների պատվերներ ընդունել։ Մայրը նաեւ արցախյան փախլավա ու ժենգյալով հաց կարող է թխել, սակայն դեռ պայմաններ չկան՝ սաջ, ջեռոց չունեն։
Ռոմելլան չի դժգոհում․ որ 27 տարեկանում երեք պատերազմ տեսնելուց հետո դեռ դիմանում է, այս դժվարությունները հաղթահարելու համար էլ ամեն ինչ կանեն։ «Ամենակարեւորը՝ խաղաղություն լինի, կարողանանք աշխատել, երեխաներին լավ ապագա ապահովել»,- ասում է արցախցի կինը՝ նշելով, որ Վայոց ձորը շատ են հավանել եւ այլ՝ ավելի հարմարավետ տուն գտնելու դեպքում կմնան մշտական բնակության։
Ռոմելլայից պատվերներ տալու համար կարող եք զանգահարել 099 631084 հեռախոսահամարով։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: