Անհայտ բանտարկյալը Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի Դաշնային ուղղիչ բանտում հարձակվել է Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Շովինի վրա եւ դանակահարել նրան:
Տխրահռչակ նախկին ոստիկան Շովինը հայտնի է լայն հանրությանը նրանով, որ 2020-ի մայիսին իր երեք ծառայակիցներին օգնել էր ձերբակալելու սեւամորթ Ջորջ Ֆլոյդին՝ 20-դոլարանոց կեղծ թղթադրամով ծխախոտ գնելու փորձի կասկածանքով: Ոստիկանը, անտեսելով անցորդների հորդորները, ծունկը չէր հեռացրել Ֆլոյդի պարանոցից: Վերջինս ոստիկանի ծնկի տակ մի քանի րոպե գետնին սեղմված մնալուց հետո շնչահեղձ էր եղել: Ավելի ուշ հիվանդանոցում արձանագրվել էր Ֆլոյդի մահը:
Միջադեպը հեռախոսով նկարահանել էր անցորդներից մեկը: Տեսանյութը, որտեղ երեւում է՝ Ֆլոյդը լուռ է եւ անշարժ մինչեւ այն պահը, երբ ոստիկանը հեռացրել է ոտքը աֆրոամերիկացու պարանոցից, շատ արագ տարածվել էր սոցիալական ցանցերում:
Շովինը եւ մյուս երեք իրավապահները հեռացվել էին աշխատանքից, իսկ Շովինը ձերբակալվել էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել երրորդ աստիճանի սպանության եւ անզգուշությամբ կատարած սպանության հոդվածներով:
Միջադեպը խռովությունների մեծ ալիք էր բարձրացրել ամբողջ երկրում: Մինեապոլիսում եւ Ամերիկայի տարբեր քաղաքներում հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոցներ: Ցույցերի մեծ մասը խաղաղ էին, սակայն որոշ դեպքերում դրանք ուղեկցվում էին բռնություններով՝ ոստիկանության հետ բախումներ, շինությունների հրդեհում, խանութների կողոպուտ: Բողոքի ցույցերը հիմնականում ուղղված էին ոստիկանության դեմ, որոնց գործողություններից առավել տուժել են աֆրոամերիկացիները: