Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը։ Դեռեւս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ եւ խոտածածկ դառնալը:
«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության հրապարակած արբանյակային լուսանկարներից երեւում է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում շինարարական աշխատանքների հետեւանքով վնասվել են քաղաքի Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու մնացորդները:
2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարից երեւում է, որ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռեւս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի եւ ծավալների վրա:
Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով։
1960-ականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդել են Ադրբեջանի իշխանությունները՝ հարմարեցնելով եւ վերածելով ամառային բացօթյա կինոթատրոնի: