Ճապոնիան սահմանել է ալկոհոլի օրական առավելագույն սահմանաչափեր տղամարդկանց եւ կանանց համար:
Ճապոնական Mainichi պարբերականը գրում է, որ Ճապոնիայի առողջապահության նախարարության փորձագիտական խումբը մշակել է ալկոհոլի օգտագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծ։ Ըստ այդմ՝ նշվում է, որ մաքուր ալկոհոլի առավելագույն չափաբաժինները տղամարդկանց համար 40 գրամ են, իսկ կանանց համար՝ 20 գրամ։
Ըստ պարբերականի՝ 20 գրամ ալկոհոլ է պարունակվում (5 %-անոց ոգելից) գարեջրի կես լիտրում, 180 մլ-անոց սակեում, 60 մլ-անոց վիսկիում կամ երկու գավաթ գինիում։
Ճապոնիայի առողջապահության նախարարության փաստաթղթում ասվում է, որ կարեւոր է նախօրոք որոշել խմիչքի ծրագրված քանակությունը՝ հասկանալով ձեր սովորական սպառման ծավալը։ Նշվում է, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը, քանի որ նույնիսկ փոքր չափաբաժինը կարող է մեծացնել ինսուլտի, արյան բարձր ճնշման եւ քաղցկեղի վտանգը:
Հանրային մեկնաբանություններին ծանոթանալուց հետո երկրի առողջապահության նախարարությունում խոստացել են մինչեւ հաջորդ տարվա մարտի վերջը ավարտել ալկոհոլի օգտագործման ուղեցույցի մշակումը։ Մանրամասն կներկայացվի ալկոհոլի ազդեցությունը առողջության վրա եւ կցուցադրվեն այն կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
Հիշենք, որ ցանկացած քանակությամբ ոգելից խմիչք օգտագործելը վնասակար է մարդու առողջությանը։