Մասիս խոշորացված համայնքում Արցախից բռնի տեղահանված 12 հազար մարդ է ապաստան գտել։ Համայնքապետարանի տվյալներով՝ մշտական բնակության համար հայտ է ներկայացրել ավելի քան 9 հազարը։
Այստեղ մարդկանց տեղավորել են հարմարեցված կացարաններում՝ մանկապարտեզներում, մարզադահլիճներում, մշակույթի կենտրոններում։
Մեկ ամիս անց էլ արցախցիների մեծ մասը պետության կողմից հատկացված շենքերում են, վարձով բնակարաններ չեն կարողանում գտնել, տները քիչ են, գները՝ թանկ ։
Զարինա Հայրյանը երկու անգամ է տեղահանվել հայրենիքից։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Թաղասեր գյուղում էր ամուսնու եւ երեխաների հետ ապրում։ Գյուղն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո տեղափոխվել են Շուշի, ապա՝ Մասիս։ 44 օրյա պատերազմից հետո վերադարձել է Արցախ, հաստատվել Ստեփանակերտում։ Այս տարվա սեպտեմբերյան պատերազմից հետո Ստեփանակերտի տունն է թողել եւ կրկին ապաստան գտել Մասիս քաղաքում։
Ալինա Հարությունյանը այգում գործ անելիս է եղել, երբ սկսել է պատերազմը, անգամ հողոտ կոշիկները չի հասցրել փոխել։ Հիմա բազմանդամ ընտանիքի եւ հարազատների հետ ապրում է Մասիսի նախկին գրադարանի շենքում։ Ալինան գոհ է մասիսցիների հոգատարությունից եւ ուշադրությունից։ Բայց ապագան հայրենի գյուղից հեռու ոչ մի կերպ չի կարողանում պատկերացնել, չգիտի ինչպես նորից տուն տեղ դնի։ Երեք երեխաների մայրը միայն գիտի, որ տղային ձմեռային կոշիկներ են պետք, ուսանող աղջկան՝ մայրաքաղաք ճանապարհելու գումար։
Նախկին պայմանագրային զինշառայող Սամվել Սարգսյանի ընտանիքին թեեւ ժամանակավոր կացարան հատկացրել են, բայց նա արդեն մեկ ամիս ապրում է Մասիսի համայնքապետարանի դիմաց տեղադրած վրանում։ Այն հավաքատեղի է դարձել արցախի քաղաքներից ու գյուղերից տեղահանված եւ Մասիսում ապաստանած մարդկանց համար։ Սամվելը Արցախից բերած ինքնաեռով մարդկանց թեյ է հյուրասիրում, իսկ իրեն այցելող բարձրաստիճան հյուրերին ու դիվանագետներին բացատրում, որ Ադրբեջանի կազմում իրենք ապրել չէին կարող։
Ստեփանակերտցի Անյա Դավթյանը հարազատների հետ Մասիսի մանկապարտեզի նախկին շենքում է հաստատվել։ Տասներկու հոգով արդեն մեկ ամիս մի սենյակում են։ Եղբոր ընտանիքը վարձով տուն արդեն գտել է, պետք է տեղափոխվեն, բայց թոշակառու ամուսնու հետ իրենք դժվար կարողանան վարձակալության համար գումար գտնել։ Արցախցի կինը բնակարան գտնելու դեպքում էլ չի պատկերացնում, որ նոր կյանք կկարողանա սկսել Արցախից հեռու։
Գրադարանի շենքում երեխաների, թոռների հետ ապրող Արցախից տեղահանված Անուշ Ստեփանյանը Մասիսը Հայաստանի լավագույն քաղաքներից մեկն է համարում։ Հնարավորության դեպքում հենց այս քաղաքում կմնա։
Չնայած բազմաթիվ նեղություններին՝ հայենի երկրամասից տեղահանված այս մարդիկ հարազատություն են գտել Մասիս քաղաքում եւ հնարավորության դեպքում շատերը մշտապես հաստատվելու ցանկություն են հայտնում։
Լուսինե Բալյան