Կատարի վարչապետ Ջասիմ ալ Թանին հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարը կարող է երկարաձգվել, եթե ՀԱՄԱՍ-ն օգտագործի մարդասիրական դադարը՝ մնացած պատանդներին որոնելու համար։ Խոսքը Գազայի հատվածում պաղեստինյան այլ խմբավորումների կողմից պահվող ավելի քան 40 կանանց ու երեխաների մասին է։
«Եթե նրանք ավելի շատ կանայք եւ երեխաներ ստանան, երկարաձգում կլինի»,- ասել է Կատարի վարչապետը The Financial Times-ին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը կերկարաձգի, եթե ՀԱՄԱՍ-ը օրական 10 պատանդ ազատի։
Times of Israel պարբերականը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելն արդեն ստացել է 11 պատանդների ցանկը, որոնք պետք է ազատ արձակվեն:
Հաշվի առնելով, որ ներկայիս 4-օրյա հրադադարից հետո պաղեստինցիներին կմնա 190 պատանդ, ուրեմն կարելի է խոսել 19-օրյա հրադադարի մասին։