Գյումրու մռայլ ու տխուր «Ֆանտաններ» թաղամասն է: Երկրաշարժի մասին անվերջ հիշեցնող մետաղյա գորշ հսկայի՝ «ֆանտանի» շուրջը հատուկենտ տնակներ են՝ անկանոն շարված: Մարդիկ եւ ավտոմեքենաներ հազվադեպ են երեւում տարածքում, թափառող շներն են միայն իրենց լիարժեք տեր ու տիրական զգում այստեղ:
Որ քայքայված տնակներից մեկում ուղիղ երեք տասնամյակ արվեստ են ստեղծում, առաջին պահին անհավանական է թվում: Ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանն է ապրում, ստեղծագործում ու դասավանդում Սավոյան 224/448 տնակում:
Նկարիչը երբեմնի հարմարավետ տունն ու արվեստանոցը կորցրել է 1988-ին: Աղետից կարճ ժամանակ անց Լեհաստանում մասնակցել է սիմպոզիումի, հաջողություններ ունեցել: Տուն ու արվեստանոց են առաջարկել, խնդրել են, որ մնա: Մերժել ու Գյումրի է վերադարձել. «Եկա… Որ բոլորը գնային, ո՞վ մնար»:
1992-ին Սավոյան փողոցում տնակ է ստանում, մի կեսում ապրում, մյուսն էլ վերածում է արվեստանոցի: Մութ ու ցուրտ տնակում կյանք առած նկարների համբավը «Ֆանտաններից» տարածվում է ամբողջ աշխարհում: Ականատեսները հպարտորեն են պատմում, թե ինչքան էին ոգեւորվում, երբ եվրոպական երկրների հեղինակավոր ցուցասրահների պատերին «Սամվել Գալստյան» մակագրությամբ նկարներ էին տեսնում:
«Նկարում էի Գյումրին՝ իր սոցիալական սուղ պայմաններով»,- կյանքի անցած տխուր էջն է հետ թերթում նկարիչը: Սպիտակ թղթերի վրա մեկը մյուսի հետեւից պատկերվում էին Գյումրու անխնա կտրված ծառերը, նավթի ու հացի հերթերում սպասող կանայք ու երեխաները: Ոհմակով թափառող սոված շները նույնպես տեղ են գտել նրա աշխատանքներում: «Հարցնում էին՝ նկարներումդ ինչու միշտ տխրություն կա, ասում էի՝ չեմ կարող ստել, ինչ տեսնում ու զգում եմ, դա էլ նկարում եմ»:
Դադարեցնում է մանկավարժական գործունեությունը, բայց գյումրեցի սաները Սամվել Գալստյանին հանգստի ուղարկել չեն ուզում. «Որտեղ Դուք եք ստեղծագործում, այնտեղ էլ մեզ հետ պարապեք»:
Սամվել Գալստյանի տնակային ակադեմիայում՝ ընդամենը 18 քմ տարածքում, նկարիչների մի քանի սերունդ է կրթվել, արվեստի մեծ կյանք ճանապարհվել: «Տնակային ակադեմիա» անվանումը գյումրեցիներն են տվել, ասում են՝ եթե Գալստյանի ակադեմիայում ես պարապել, հաջողություն կունենաս:
Ակադեմիայում պարապող սաների թիվը տասնյակից պակաս երբեք չի լինում: Դասերը երկու հերթով են։ Անգամ ամենամեծ ցանկության դեպքում հինգից ավելի սաներ սենյակում նկարել չեն կարող, տարածքը թույլ չի տալիս:
Թե ինչ դժվարությունով են երեխաները հասնում ակադեմիա, կարող է հասկանալ միայն նա, ով գոնե մեկ անգամ եղել է այդ տարածքում։ Չկան անցուդարձ, ճանապարհ, հանրային տրանսպորտ: «Գալիս են առանց հաշվի առնելու դժվարությունները։ Երեւի միջավայր կա, որը հաճելի է երեխային, թե չէ ես հրաշագործ չեմ, որ նրանց ձգեմ այստեղ»,- ասում է ուսուցիչ-նկարիչը:
Երեխաների վարձավճարի մասին խոսել չի սիրում, հնարավորություն ունենար՝ այդ չնչին գումարն էլ չէր վերցնի. եղածի վրա մի բան էլ ավելացնում, մի կերպ տնակն է տաքացնում. «Հանուն երեխաների եմ աշխատում: Նրանք պետք է մաքուր ու ազնիվ ստեղծագործեն ու վաստակեն իրենց տաղանդով»: Եվ հպարտորեն նշում է, որ իր սաներն այս պահին էլ պատվերներ ունեն, թեկուզ քիչ, բայց վաստակում են իրենց աշխատանքով: Մրցույթներին ու փառատոներին մասնակցելն ու հաղթելը սովորական են դարձել նրա սաների համար:
«Չե՞ք ուզում դուրս գալ այս տարածքից» հարցին Գալստյանը հարցով է պատասխանում՝ «Ո՞ւր գնամ»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։