ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ Վերին Լարսի անցակետով մուտք են գործում Ռուսաստան: Ըստ ՊԵԿ-ի՝ դա պարզվել է անցակետում անցկացվող մշտադիտարկումների շնորհիվ:
Անցակետում կուտակված՝ Ռուսաստան շուտ փչացող ապրանք տեղափոխող բեռնատարների խնդիրների մասին էլ տեղեկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին: Նշված կառույցները, ըստ ՊԵԿ-ի, համատեղ քննարկում են բեռնատարներին առնչվող խնդիրները եւ կազմում հետագա գործողությունների ծրագիրը:
ՊԵԿ-ից հիշեցնում են, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը Վերին Լարսի անցակետում է եւ պատրաստ է աջակցելու բեռնափոխադրողներին, անհրաժեշտության դեպքում էլ կապ հաստատել ՊԵԿ-ի ներկայացուցչի հետ:
Ձնահոսքի բարձր վտանգ
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը ավելի ուշ հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը ձնահոսքի բարձր վտանգի պատճառով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: