Կիեւի մաքսատունը սկսել է «սկյութական ոսկու» մաքսային ձեւակերպումը: Ըստ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության՝ ներկա պահին բեռնատարը, որը բեռնված է 2694 կգ մշակութային արժեքներով՝ հայտնի «սկյութական ոսկի» ընդհանուր անվամբ, մտել է Կիեւ-Պեչերյան մայրավանքի տարածք: Այստեղ Ուկրաինայի ազգային թանգարանի գանձարանում կիեւցի մաքսավորները կկատարեն գանձերի նույնականացում:
Ուկրաինայի պատմության ազգային թանգարանը հայտնել է, որ այս պահին մասնագետները ստուգում են բերված 565 արտեֆակտների վիճակը։
«Դրանք, մասնավորապես, հնագույն քանդակներ են, սկյութական եւ սարմաթական զարդեր, 2 հազար տարվա վաղեմության չինական լաքապատ զարդատուփեր»,- նշվում է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ: «Սկյութական ոսկին» գրեթե 10 տարի Ամստերդամում էր։
2013-ի ամռանը Կիեւի պատմական գանձերի թանգարանի եւ Ղրիմում գտնվող չորս այլ թանգարանների ցուցանմուշներից ձեւավորվել էր հավաքածու (ավելի քան 2000 նմուշ), որի արժեքը գնահատվում է մոտ 1 միլիոն եվրո։ Հենց այս հավաքածուն էլ հիմք է ծառայել «Ղրիմ՝ ոսկի եւ Սեւ ծովի գաղտնիքները» ցուցահանդեսի համար, որը պետք է ցուցադրվեր Ամստերդամի Ալարդ Պիրսոնի անվան թանգարանում 2014-ի փետրվարից մինչեւ օգոստոս։ Այն բանից հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ, հարց առաջացավ, թե ում պետք է վերադարձվեին ցուցանմուշները՝ կոնկրետ թանգարանների՞ն, որոնց հետ կնքվել է պայմանագիրը, թե՞ Ուկրաինայի պետությանը: Ուկրաինայի օգտին առաջին որոշումն ընդունվել է 2016-ին, վերաքննիչ դատարանն այն հաստատել է 2021-ին։ Այս տարվա հունիսին Նիդերլանդների գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ստորին ատյանի դատարանների որոշումները՝ կապված «սկյութական ոսկին» Ուկրաինային վերադարձնելու հետ։