Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել է նոյեմբերի 28-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ նախատեսված հանդիպումը: Միցոտակիսն ակնկալում էր Սունակի հետ քննարկել Բրիտանական թանգարանից Աթենքի Պարթենոնի տաճարի գլուխգործոցների վերադարձը Հունաստան: Դրա մասին հայտնել են Հունաստանի վարչապետի մամլո ծառայությունից։
Միցոտակիսը մտահոգություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ծրագրված հանդիպումը չեղարկել է դրանից մի քանի ժամ առաջ։ Նա հավելել է, որ Հունաստանը եւ Մեծ Բրիտանիան ավանդական բարեկամության կապեր ունեն, եւ երկկողմ հարաբերությունների շրջանակը շատ լայն է։ «Պարթենոնից բերված քանդակները Հունաստանին վերադարձնելու մեր դիրքորոշումը հայտնի է։ Ես հուսով էի, որ հնարավորություն կունենամ դա, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հիմնական՝ Գազայի հատվածին, Ուկրաինային, կլիմայական ճգնաժամին, միգրացիային առնչվող հարցերը քննարկել իմ բրիտանացի գործընկերոջ հետ»,- նշել է Հունաստանի վարչապետը։
Օսմանյան կայսրությունում Անգլիայի նախկին դեսպան լորդ Էլգինը (1766-1841) 19-րդ դարում Հունաստանը կառավարող թուրքերից թույլտվություն ստացավ Ակրոպոլիսից մակագրություններով եւ պատկերներով քարերի որոշ բեկորներ վերցնելու համար: 1802 թվականին Լոնդոն տեղափոխվեցին բազմաթիվ զարդանախշերով սալաքարեր, Պարթենոնի տարածքում գտնվող այլ հուշարձաններ: 1816 թվականին Բրիտանական թանգարանը Հունաստանից գնեց արտեֆակտների հավաքածուն, եւ Պարթենոնի բոլոր մարմարե զարդարանքների գրեթե կեսը հայտնվեց Լոնդոնում:
Հունաստանը տասնամյակներ շարունակ ձգտել է վերադարձնելու քանդակները երկիր՝ դրանք անվանելով ազգային ժառանգության անբաժանելի մաս՝ կասկածի տակ դնելով անգլիական դեսպանի գործողությունների օրինականությունը եւ օսմանյան սուլթանից ստացած թույլտվության իսկությունը: Լոնդոնը հետեւողականորեն մերժում էր Աթենքի պահանջները՝ պատճառաբանելով այն փաստը, որ լորդ Էլգինի գործողություններն օրինական էին, իսկ արձաններն ու քանդակները լիովին անվտանգ են Բրիտանական թանգարանում եւ բաց են բոլորի համար։