Չինաստանը պատրաստ է լայն ինքնավարություն տալու Թայվանին, սակայն չի հանդուրժի «անջատողական գործողությունները», որոնք ուղղված են «Թայվանի անկախությանը»։ Դրա մասին հայտարարել է ՉԺՀ-ի Պետական խորհրդին կից Թայվանի գործերի գրասենյակի ներկայացուցիչ Չեն Բինհուան։
Ըստ Xinhua գործակալության՝ պաշտոնյան մեկնաբանել է Թայվանի Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչներ Լայ Չինգ-տեինի եւ Սյաո Բի-Խիմինի հայտարարությունները: Վերջիններս ավելի վաղ հայտարարել էին, որ կղզու վրա հարձակվելու համար Պեկինը «ժամանակացույց չունի»։
Չենը հիշեցրել է օրենքը, որով երկրի իշխանությունների համար սահմանվում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար ոչ խաղաղ միջոցների եւ այլ անհրաժեշտ միջոցների կիրառում: «Ուզում եմ ընդգծել, որ «Թայվանի անկախությունը» նշանակում է պատերազմ»,- հայտարարել է Չեն Բինհուան։
Նա ասել է, որ թայվանցի քաղաքական գործիչները նվազեցնում են Չինաստանի հայտարարած՝ «անջատողական գործունեության» սպառնալիքը 2024 թվականին Թայվանի նախագահական ընտրություններում ընտրողներին խաբելու համար։
Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակը նշել է, որ մայրցամաքային Չինաստանը չի հանդուրժի «Թայվանի անկախության» ուժերի պահվածքը, եթե նրանք համարձակվեն «ռիսկի դիմել եւ հրահրել այնպիսի միջադեպեր, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը»: