Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո՝ պայմանով, որ կարողանա անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Նոյեմբերի 28-ին նման հայտարարություն է արել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան դառնա Դաշինքի անդամ։
Միեւնույն ժամանակ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ պատերազմի պայմաններում լիարժեք անդամակցությունն անհնար է՝ չնայած Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մշտական մերձեցմանը։
Ստոլտենբերգը նաեւ հավելել է, որ առաջիկայում Գերմանիան եւ Նիդերլանդները 10 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինային: Ռումինիան էլ բացել է ուկրաինացի F-16 օդաչուների ուսումնական կենտրոն, իսկ այլ երկրներ, դրանց թվում՝ ԱՄՆ-ն ու Ֆինլանդիան, լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր են մատակարարում Ուկրաինա։