Հայաստանը ներկայում տարեկան 365 միլիոն խմ գազ է ներկրում Իրանից, եւ հայտնի պայմանագրի հիման վրա 1։3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրան։ Դրա մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Մի քանի ամիս առաջ մեր գործընկերների հետ կնքել ենք այդ համաձայնագիրը մինչեւ 2030 թվական երկարաձգելու փատաթուղթը, որը նաեւ հնարավորություն է տալիս մեծացնելու Իրանից գազի ներկրումը ՀՀ եւ համապատասխան էլեկտրաէներգիայի արտահանումը»,- նշել է նախարարը։
Սանոսյանը հավելել է, որ նոր խողովակաշարի կարիք դեռ չկա, քանի որ գործող խողովակաշարն անգամ ամբողջ հզորությամբ չի օգտագործվում։
Հայաստանը տարեկան ավելի քան 2,5 միլիարդ խմ գազ է ներկրում: Ներկրվող գազի 80-85%-ը Ռուսաստանից է: Իրանից ներկրվող գազը Հայաստանում հիմնականում օգտագործվում է Ջերմաէլեկտրակայանների շահագործման համար։ 2022-ի գազի ներմուծումը Հայաստան եղել է մոտ 2 միլիարդ 966 միլիոն խմ, որից 366 միլիոնը Իրանից է, 2 միլիարդ 600 միլիոնը՝ Ռուսաստանի Դաշնությունից։