Մինչ Կատարում շարունակվում են Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի երկարաձգման շուրջ քննարկումները, Եգիպտոսի եւ Կատարի ներկայացուցիչները Wall Street Journal-ին հայտնել են «երկարատեւ զինադադարի» հեռանկարի մասին:
Պարբերականը գրում է, որ երկարաժամկետ զինադադարը, հավանաբար, կպահանջի զիջումներ, որոնք «դժվար կլինի անել» թե՛ Իսրայելի, թե՛ ՀԱՄԱՍ-ի համար։
ՑԱԽԱԼ-ի Գալեյի ռադիոյի արաբական հարցերով թղթակից Ջեքի Հյուգին հայտնել է, որ շուտով Իսրայելի կառավարությանը եւ իսրայելական հասարակությանը առաջարկ կներկայացվի:
Ըստ այդմ՝ բոլոր առեւանգվածներին, նրանց թվում՝ պատանդ վերցված զինվորներին ազատ արձակելու դիմաց Իսրայելը պետք է համաձայնի դադարեցնել պատերազմը եւ ազատ արձակի կալանքի տակ գտնվող հազարավոր բանտարկյալներին: Նույն աղբյուրները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ը նույնպես պետք է «համաձայնի զինաթափմանը»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Իսրայելը չի կարողանա ապահովել իր անվտանգությունը, նույնիսկ եթե ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին։ Պուտինի օգնականի համոզմամբ ՀԱՄԱՍ-ին գլխատելն ու ամբողջովին զինաթափելը եւ Գազայի հատվածն արյան մեջ խեղդելն անգամ Իսրայելին չի օգնի՝ լիովին ապահովելու սեփաական անվտանգությունը:
«Որոշ ժամանակ անց ատելության ու ահաբեկչության ալիքը նոր ուժով կբարձրանա, մի բան, որ անհնար է բացառել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։