ՌԴ իշխանությունները մտադիր են Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների հետ «լոյալության պայմանագիր» ստորագրել: Օտարերկրացիները կպարտավորվեն չվարկաբեկել Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաեւ խուսափել ոչ ավանդական սեռական հարաբերությունները խթանելուց: Օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ ՆԳՆ-ն։
Մասնավորապես առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ արգելք, եթե նա «խոչընդոտել է Ռուսաստանի պետական իշխանությունների գործունեությունը, ցանկացած ձեւով վարկաբեկել է երկրի, պետական իշխանությունների եւ նրանց պաշտոնյաների արտաքին եւ ներքին պետական քաղաքականությունը»։
«Լոյալության համաձայնագիրը» նաեւ արգելում է օտարերկրյա քաղաքացիներին «չարաշահել տեղեկատվության ազատության իրավունքը, այդ թվում՝ տեղեկություն տարածելու միջոցով, որն ուղղված է սահմանադրորեն կարեւոր բարոյական եւ այլ արժեքների նսեմացմանը կամ ժխտմանը՝ ներառյալ ամուսնության գաղափարի»:
Արգելվում է նաեւ «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը», ինչպես նաեւ «Հայրենիքի պաշտպանության գործում խորհրդային ժողովրդի սխրանքի մասին պատմական ճշմարտության խեղաթյուրումը»։
Ստորագրելով «լոյալության պայմանագիրը»՝ օտարերկրացին կհաստատի, որ իրեն զգուշացրել են Ռուսաստանում գտնվելու կանոնների խախտման հետեւանքների մասին։ Բացի դրանից՝ պարտավորվելու է համաձայնագրի պայմանները խախտելու դեպքում ՌԴ-ից իր հնարավոր արտաքսմանն առնչվող ծախսերը կատարել սեփական գրպանից։