Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է ամբողջությամբ չեղարկել բոլոր պատժամիջոցները եւ սկսել նոր դարաշրջան երկու երկրների երկկողմ հարաբերություններում։ Դրա մասին հայտնում է վենեսուելական El Comercio պարբերականը։ Նախագահը նշել է, որ ամբողջ Վենեսուելան համաձայն է տնտեսական պատժամիջոցների վերջնական եւ ամբողջական վերացման իր առաջարկին:
«Եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջեւ ամենաբարձր մակարդակով հարգանքի եւ համագործակցության նոր դարաաշրջան բացելու ժամանակը»,- ընդգծել է Մադուրոն:
Նոյեմբերի 10-ին Վենեսուելայի նախագահ Մադուրոն նշել է, որ իր երկիրը՝ Ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահ Խորխե Ռոդրիգեսի գլխավորությամբ, գաղտնի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ։