Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը եւ Իսրայելի հետախուզության եւ հատուկ առաջադրանքների վարչության՝ «Մոսադի» ղեկավարը բանակցություններ են վարել Կատարի վարչապետի հետ։
Al Jazeera-ն հաղորդում է, որ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը եւ «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բառնեան քննարկել են արդեն իսկ երկու օրով երկարաձգված հրադադարի հետագա երկարաձգման հարցը։ Բանակցություններին ներկա են եղել նաեւ Եգիպտոսի պաշտոնյաներ։
Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ Իսրայելը չի ցանկանում հրադադարը երկարաձգել 10-ից ավելի օրով։ Հետեւաբար երկարաձգման մասին համաձայնության դեպքում հրադադարը կավարտվի դեկտեմբերի 3-ին։
Այս ընթացքում կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար՝ միեւնույն ժամանակ շարունակելով պատանդների եւ բանտարկյալների փոխանակումը։ Իսրայելի պաշպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում երկու տարբեր վայրերում երեք պայթուցիկ սարք է գործի դրվել։ Միջադեպերից մեկի ժամանակ պաղեստինցի զինյալները կրակել են իսրայելցի զինվորների ուղղությամբ, վերջիններս պատասխան կրակ են բացել։ Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ մի քանի զինվոր թեթեւակի վիրավորվել է։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «չունի այլ ելք, քան ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը»։
Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջեւ քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը եւս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին։ Դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։